ՌԴ-ն վավերացրել է ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր առևտրային համաձայնագիրը

Համաձայնագիրը ստորագրվել է Մինսկում 2025 թվականի հունիսի 27-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոնղոլիայի հետ Եվրասիական տնտեսական միության ժամանակավոր առևտրային համաձայնագիրը վավերացնող օրենք է ստորագրել։
Փաստաթուղթը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում։
Համաձայնագիրը ստորագրվել է Մինսկում 2025 թվականի հունիսի 27-ին։ Այն առևտրի ազատականացում է նախատեսում 367 ապրանքային ենթաբաժինների համար. դրանց համար համաձայնագրի յուրաքանչյուր կողմ կամ կվերացնի, կամ կնվազեցնի մաքսային տուրքերը։
Այս համաձայնագիրը իրականացնում է մի սխեմա, որը փորձարկվել է Իրանի դեպքում. նախ կնքվում է սահմանափակ շրջանակով համաձայնագիր, այնուհետև անցում է կատարվում առևտրի ազատականացման մասին լիաֆորմատ համաձայնագրի։
Արտոնությունները կընդգրկեն 367 ապրանք, որոնք կազմում են Ռուսաստանի և Մոնղոլիայի միջև փոխադարձ առևտրի 90%-ը։ Մոնղոլիա ռուսական արտահանման 89%-ը կլինի անմաքս, մնացած 1%-ի համար էլ տուրքերը կնվազեցվեն։
Հաշվարկների համաձայն՝ Ռուսաստանի համար մաքսատուրքերի խնայողությունը կկազմի 99.2 մլն դոլար, իսկ Մոնղոլիայի համար՝ 3.7 մլն դոլար։
Ռուսաստանը Չինաստանից հետո Մոնղոլիայի երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերն է։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: