Կիևը փորձել է ԱԹՍ–ներով հարձակվել ՌԴ նախագահի նստավայրի վրա. Լավրով

Ռուսաստանի նախագահի պետական նստավայրի վրա գրոհած բոլոր անօդաչուները ոչնչացվել են ՀՕՊ միջոցներով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Կիևը դեկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը 91 ԱԹՍ-ով գրոհ է ձեռնարկել Ռուսաստանի նախագահի` Նովգորոդի մարզում գտնվող նստավայրի վրա: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Դեկտեմբերի 29-ի գիշերը Կիևի ռեժիմը հեռահար գործողության 91 հարվածային անօդաչուներով ահաբեկչական հարձակում է ձեռնարկել ՌԴ նախագահի պետական նստավայրի վրա»,- ասել է նա:
Նախարարի խոսքով`բոլոր ԱԹՍ–ները ոչնչացվել են ՀՕՊ-ի միջոցներով։
Լավրովի խոսքով՝ Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա հարձակումից հետո ՌԴ–ի կողմից պատասխան հարվածի թիրախներն ու ժամկետներն արդեն որոշված են։
«Նման անխոհեմ գործողություններն անպատասխան չեն մնա»,- լրագրողներին ասել է Լավրովը:
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ այս հարձակումից հետո Ռուսաստանը մտադիր չէ դուրս գալ բանակցային գործընթացից, սակայն երկրի բանակցային դիրքորոշումը կվերանայվի:
«ՌԴ բանակցային դիրքորոշումը կվերանայվի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կիևի ռեժիմը վերջնականապես անցել է պետական ահաբեկչության քաղաքականության»,- ասել Է Լավրովը:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։