ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետությունում հունվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է կլիմայական նորմայից բարձր 1-2 աստիճանով։
Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Հունվարին տեղումների քանակը նորմայի սահմաններում է լինելու։ Մեզ սպասվում է նորմայից մի փոքր տաք և բավարար տեղումներով հունվար։ Ամսվա առաջին տասնօրյակում մեր երկիրը գտնվելու է արկտիկական ցուրտ հոսանքների ազդեցության գոտում՝ հատկապես հունվարի 3-4-ը օդի ջերմաստիճանն այս օրերի համեմատ կնվազի 8-10 աստիճանով։ Արկտիկական հոսանքները հանրապետությունում կմնան մինչև հունվարի 9-ը ներառյալ։ Երկրորդ և երրորդ տասնօրյակում հիմնականում կգերակշռեն հարավից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքները»,- նշեց Սուրենյանը։
Նրա խոսքով՝ առաջին տասնօրյակի համեմատ երկրորդ տասնօրյակից սկսած ջերմաստիճանը կսկսի բարձրանալ։