ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում հարցված քաղաքացիների մոտ 35%-ը վախենում է կարծիք հայտնելուց։ Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը` ներկայացնելով դեկտեմբերի 24-27-ն ընկած ժամանակահատվածում 1000 անձանց շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումների պատասխանները։
Հարցին՝ արդյոք մարդիկ վախենում են բացահայտ իրենց կարծիքն արտահայտելուց, «միանշանակ այո» է պատասխանել 20,3%-ը, իսկ 14,4%-ը նշել է` «ավելի շուտ այո»։ Հակառակ պատկերն էլ կա՝ «ավելի շուտ չի վախենում» պատասխանը տվել է հարցվածների 15%-ը, իսկ «միանշանակ չի վախենում» 48%-ը։
Ըստ Նավասարդյանի՝ կարծիք արտահայտելուց վախեցող քաղաքացիների ցուցանիշը բավականին մտահոգիչ է ու խնդրահարույց։
Հարցվածների 31,5%-ը նշել է, որ ՀՀ-ում քաղաքական իրավիճակը շատ լարված է, իսկ 31,2%-ը կարծում է, որ ավելի շուտ լարված է։ Ավելի շուտ հանգիստ իրավիճակ են տեսնում հարցվածների 23,2%-ը, իսկ լիովին հանգիստ՝ 9,6%-ը։ Հարցին դժվարացել է պատասխանել 4,5%-ը։