ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանում դեռ չգիտեն, թե որքան կարժենա «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության ամբողջական իրականացումը։ Նման եզրակացության կարելի է հանգել՝ ելնելով Sputnik Արմենիայի պաշտոնական հարցմանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատասխանից։
Մասնավորապես, մենք պաշտոնական հարցում ենք ուղարկել կառավարություն ու փորձել ճշտել, թե ծրագրի մեկնարկից հետո առաջին փուլում և դրան հաջորդող ժամանակահատվածներում բեռնափոխադրումների ինչ ծավալ է կանխատեսվում, համապատասխան ենթակառուցվածքի կառուցման որ փուլերն են արդեն ավարտվել, որ հատվածներն են առավել տեխնիկական ներդրումներ պահանջում (ավտոմոբիլային ճանապարհներ, երկաթուղիներ կամ լոգիստիկ կենտրոններ), նախատեսվում է արդյոք բեռների վերահսկման ժամանակակից համակարգեր և այլն: Արդյունքում պատասխանը ստացել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Մասնավորապես, գերատեսչությունից հայտնել են, որ այդ բոլոր հարցերը գտնվում են ընթացիկ ուսումնասիրության փուլում ։
«Ներկայումս իրականացվում են ավտոմոբիլային (և երկաթուղային) ճանապարհների շինարարության տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ և գնահատումներ, որոնց արդյունքները հասանելի կլինեն 2026 թվականի առաջին եռամսյակում»,-հստակեցրել են գերատեսչությունում:
Ավելի վաղ Sputnik Արմենիան գրել էր, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում հանրապետության տարածքում երկաթուղային հաղորդակցության գործարկման առաջին տարում Հայաստանի և տարածաշրջանի երկրների միջև բեռնափոխադրումների կանխատեսվող ծավալը կկազմի 4,7 մլն տոննա, իսկ տարածաշրջանի երկրների հետ ուղևորահոսքը՝ 300 հազար: Միևնույն ժամանակ, նախաձեռնության շրջանակներում նախատեսում է վերանորոգել և հարթել ավելի քան 1,1 հազար կմ ճանապարհ և վերականգնել երկաթուղային գծերը: