ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ–ն։
«Սիմոնյանը վերահաստատել է, որ անհետ կորածների հարցը դիտարկվում է բացառապես որպես հումանիտար խնդիր։ Այնուհետև ներկայացվել են նախորդ նիստից հետո կատարված աշխատանքները, ձեռնարկված քայլերը՝ ուղղված անհայտ կորածների ճակատագրի պարզմանը։ Քննարկվել են հետագա պլանները՝ անհետ կորած անձանց որոնողական աշխատանքների համակարգման և շահագրգիռ կողմերի հետ համագործակցության ամրապնդման վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում։
Նիստի վերջում Սիմոնյանը համապատասխան հանձնարարականներ է տվել։
Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով՝ 1988-ից 2005 թվականներին հայկական կողմից անհետ կորել է 437 մարդ, որոնցից 224-ը զինծառայող են, 213-ը՝ խաղաղ բնակիչ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում 191 մարդ համարվում է անհետ կորած։ Իսկ 2023 թվականի սեպտեմբերին` Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո, Ստեփանակերտի նավթամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունից հետո անհետ կորած է համարվում 22 մարդ։