ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. Երևանի գլխավոր հատակագիծը թվայնացվել է, բայց դեռ տեխնիկական հարցեր պետք է կարգավորվեն։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի տարեվերջյան գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց «Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրեն Անդրանիկ Սեդոյանը՝ ներկայացնելով հատակագծի թվայնացման ընթացքը։
«Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն արդեն GIS համակարգում է՝ մասշտաբներով, համապատասխան հողերի նշանակություններով և գործառնական նշանակություններով։ Սկզբնական շրջանում այն բաց կլինի աշխատակազմի ստորաբաժանումների համար, իսկ տոներից հետո որոշակի տեխնիկական հարցեր կկարգավորվեն, ու հարթակը կգործի նաև հանրության համար։ Իհարկե, դեռևս որոշ անճշտություններ կան, բայց սա միջոց է՝ մեր գործունեությունն առավել թափանցիկ դարձնելու»,- ասաց Սեդոյանը։
Նրա խոսքով՝ միայն քաղաքացիների բարձրացրած հարցերի հիման վրա հնարավոր կլինի շտկումներ իրականացնել և ունենալ առավելապես լավ էլեկտրոնային փաստաթուղթ։
Սեդոյանը նշեց, որ քարտեզում արդեն իսկ ամբողջությամբ արտացոլված է Հրազդանի կիրճի, ակադեմիական քաղաքի սահմանները, գույքագրված և համապատասխան իրավական ակտերով հաստատված անտառային տարածքները, պուրակները, զբոսայգիները և այլն։ Քարտեզում նաև երևում է, թե ինչպիսի տեսք ունի Երևանի երկրաբանական ստորգետնյա ջրերի տեսքը։ Առաջիկայում հերթապահ քարտեզ կբացվի, որպեսզի հարցերի քննարկումներից հետո էլ համապատասխան մշակումներ արվեն։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ ճշտում անելուց հետո հայտարարեց՝ մինչև հունվարի 20-ը yerevan.am կայքում արդեն հասանելիություն կլինի գլխավոր հատակագծին, որպեսզի մարդիկ էլ տեսնեն ու կարողանան հետադարձ կապ ապահովել։
«Սա այն ինֆորմացիան է, ինչի մասին մենք երկար ժամանակ խոսել ենք՝ սկսած ենթակառուցվածքների, ռիսկերի և հուշարձանների շերտից։ Սկիզբն արդեն դրված է։ Այս բոլոր տվյալները շատ լավ աշխատանքային հիմք են մեր ճարտարապետական գրասենյակների, ինստիտուտների համար։ Կարծում եմ՝ այս ինֆորմացիայի հիման վրա հավելյալ աշխատանքներ կկարողանան իրականացնել»,- նշեց Ավինյանը։
Նրա խոսքով՝ կառուցապատողների համար էլ լավ հիմք է՝ հասկանալու, թե որ գոտում են գտնվում։