Անձը կապ չունի, դիմելու ենք սնանկության դատարան. Ավինյանը` ընկերությունների պարտքերի մասին

Տիգրան Ավինյանի խոսքով` մայրաքաղաքի այգիների տարածքները վարձակալած այն ընկերությունները, որոնք ներդրումային ծրագիր կառաջարկեն, նրանցից գանձվող վարձավճարը կնվազեցվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը կդիմի սնանկության դատարան, եթե այգիների տարածքների վարձակալության պարտքերը չմարվեն։ Այսօր ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ այս պահին կա 1 մլրդ դրամի վարձակալության պարտք, որից 750 միլիոնը բուն պարտքն է, իսկ 245 միլիոնը՝ տույժը։
«Բոլոր այն դեպքերում, երբ մեր գործընկերները հրաժարվում են վճարել կամ ինչ-որ պատրվակներով մտածում են՝ «մի քիչ էլ ժամանակ ձգենք ու տեսնենք՝ ինչ է լինելու», ասեմ՝ մի բան է լինելու՝ իրենք գնալու են սնանկացման։ Այսինքն՝ մենք գործն ուղարկելու ենք սնանկության դատարան, և այդ ընկերություններն ավելի մեծ խնդիրների են բախվելու, եթե չկատարեն մեր պայմանները՝ կա՛մ պարտքերը փակե՛ն, կամ առաջարկեն ներդրումային ծրագիր իրենց կողմից շահագործվող տարածքներում»,– ասաց Ավինյանը։
Լրագրողներից մեկը հարցրեց` քանի որ այգիների վարձակալության պարտք դեռևս 2022 թվականից ունի Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի վելնես կենտրոն»-ը`30 մլն դրամ, արդյոք գործն արդեն սնանկության դատարանում է։ Ավինյանը կոնկրետ դեպքով մանրամասներ չհայտնեց։
Ե՞րբ հնարավոր կլինի ծանոթանալ Երևանի գլխավոր հատակագծին․ այն արդեն թվայնացվել է
«Չեմ կարող վստահ ասել, թե կոնկրետ որ դեպքով ինչ ենք արել, բայց եթե կուտակման մեխանիզմն աշխատում է, ապա պարտքն ավելանում է։ Կապ չունի անձն ու ընկերությունը, Երևանի քաղաքապետարանն ինչ-որ փուլում կդիմի սնանկության դատարան»,– ընդգծեց նա։
Քաղաքապետը հավելեց, որ մայրաքաղաքի այգիների տարածքները վարձակալած այն ընկերությունները, որոնք ներդրումային ծրագիր կառաջարկեն, նրանցից գանձվող վարձավճարը կնվազեցվի։ Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետարանը տարբեր տարածքների վարձակալության համար 2025 թվականին հավաքագրել է մոտ 1.1 մլրդ դրամ, որից 500 մլն դրամը՝ այգիներից։
Փողոցային խոսույթը որոշ դեպքերում անփոխարինելի է. Տիգրան Ավինյան