45 ժամ անց Էրեբունու բնակիչները լույս կունենան. Ռոմանոս Պետրոսյանը խոստացել է

ՀԷՑ աշխատակիցները
Էրեբունի վարչական շրջանում արդեն երկրորդ օրն է` հոսանք չկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. «Վարդաշեն» ենթակայանից բաշխվող էլեկտրամատակարարումն առաջիկա 2-3 ժամվա ընթացքում կվերականգնվի բոլոր հասցեներում։ Այս մասին հայտնել է ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
Հայտնել էինք, որ դեկտեմբերի 27-ին ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով Երևանում ամբողջական թաղամասեր են հոսանքազրկվել:
«ՀԷՑ-ի վթարված 110/35/6 կՎ «Վարդաշեն» ենթակայանում 6 կՎ թվով 23 նոր բջիջների, դրանց ռելեական պաշտպանությունն ապահովող օպերատիվ հոսանքի, անհրաժեշտ ենթակառուցվածքների և ենթակայանը սնող նոր մալուխային գծերի վերջին միացումներն են արվում»,–գրել է Պետրոսյանը։
Նա շեշտել է, որ ՀԷՑ-ի հարյուրավոր մասնագետներ շուրջ 44 ժամ՝ առանց մեկ րոպե դադարի, իրականացրել են ահռելի աշխատանք և կատարել հսկայածավալ հետվթարային, մոնտաժային և կարգաբերման աշխատանքներ։
«Առաջիկա 2-3 ժամերի ընթացքում «Վարդաշեն» ենթակայանից բաշխվող էլեկտրամատակարարումն ամբողջովին կվերականգնվի բոլոր հասցեներում։ Հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունն ու ըմբռնումը՝ պատճառված անհարմարությունների համար»,–գրել է նա։
Հիշեցնենք, Էրեբունի վարչական շրջանում արդեն երկրորդն օրն է` հոսանք չկա։