Փորձ է արվում թուլացնել մեր եկեղեցին, բայց ոչինչ չի ստացվելու․ հայր Զաքարիա

Հոգևորականը վստահեցնում է՝ արհեստականորեն ստեղծված այս ալիքները սրբելու և տանելու են դրանք ստեղծողներին, եկեղեցին անսասան է մնալու, իսկ փորձություններից ավելի զորեղացած ենք դուրս գալու։
Sputnik
Անմահ և Սուրբ Պատարագի ավարտին Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն հայր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը խոսեց հավատարմության կարևորության մասին՝ շեշտելով, որ այսօր հատկապես շատ կարևոր է պահպանել այն։
«Մենք ապրում ենք մի շատ հետաքրքրական ժամանակաշրջանում, անցնող տարին բոլորիս համար դժվար էր՝ բազմաթիվ փորձություններով լի։ Այսօր մենք տարին փակում ենք, և մեր եկեղեցու 4 սրբազաններ բանտարկված են, մեկ քահանա տնային կալանքում է, բազմաթիվ եկեղեցականների նկատմամբ քրեական գործեր կան հարուցված։ Մենք տեսնում ենք, որ ամեն ինչ արվում է՝ մեզ կտրելու մեր հավատարմությունից։ Բայց այս ամեն դժվարության մեջ պետք է տեսնել լույսը։ Ճգնաժամերը, փորձությունները ոչ թե մեզ տկարացնելու, մեր Աստծուց, մեր արժեքներից հեռացնելու, այլ ավելի զորացնելու համար են։ Հետևաբար իմ կարծիքով այս ճգնաժամը «մի նոր հնարավորություն է» ինքնանդրադարձի, ապաշխարության և առավել զորացած դուրս գալու այս սուրբ պայքարից»,- ասաց հոգևորականը։
Հայր սուրբը շեշտեց՝ ելքը մեկն է՝ համախմբվել Հայոց եկեղեցու շուրջ։ Վստահ է, որ այս փորձություններն էլ են հաղթահարվելու, ապրելու ենք մեր երազած հայրենիքում։ Հորդորեց՝ չվախենալ, չհուսահատվել, Տիրոջ կամքով այս փորձություններն անցնելու են, և այն մարդիկ, ովքեր արհեստականորեն ստեղծել են այս ալիքները, հենց ալիքներն էլ սրբելու են նրանց։
«Այսօր փորձ է արվում թուլացնել մեզ՝ քրիստոնյաներիս, մեր եկեղեցին, բայց հավատացնում եմ՝ ոչինչ չի ստացվելու, որովհետև եկեղեցին աստվածահաստատ կառույց է»,- ասաց նա։
Կոչ արեց՝ լինել զգոն և ուշադիր, քանի որ այսօր նաև տեղեկատվական պատերազմ է մղվում։ Խնդրեց հավատավոր քրիստոնյաներին աղոթք բարձրացնել հայ եկեղեցու անսասանության համար և «ոչ» ասել բոլորին, որոնք փորձել են պառակտել մեզ, հեռացնել մեր եկեղեցուց և ինքնությունից։