ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի - Sputnik. Կեսգիշերին «Վարդաշեն» էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով Երևանի մի շարք հատվածներ շարունակում են հոսանքազրկված մնալ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի էլեկտրական ցանցերի հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտը։
Նշվում է, որ վերանորոգող անձնակազմի օպերատիվ աշխատանքի շնորհիվ մի շարք հատվածներում էլեկտրամատակարարումը վերականգնվել է, մի քանիսում կվերականգնվի առաջիկա ժամերի ընթացքում։
Շուրջ 2 տասնյակ փողոցներ շարունակում են հոսանքազրկված մնալ։ Ինչպես հայտնում են ՀԷՑ-ից՝ աշխատանքները շարունակվում են հնարավորինս սեղմ ժամկետում էլեկտրամատակարարումը վերականգնելու համար։
Հավելենք, որ հոսանքազրկված է նաև «Գրիգոր Լուսավորիչ» ծննդատունը, որտեղ էլեկտրամատակարարումն իրականացվում է դիզելային գեներատորների միջոցով, մինչև կենտրոնական մատակարարման վերականգնումը։