1 օրում ՀՀ-ում տեղի է ունեցել շուրջ 240 ավտովթար․ քանի մեքենա է եղել ամառային անվադողերով

Պարեկները ստուգել են 1240 ավտոմեքենա, որոնցից շուրջ 130-ի նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի - Sputnik. Մեկ օրվա ընթացքում Հայաստանում տեղի է ունեցել 237 ավտովթար, զոհեր չկան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Այս պատահարների մասնակից 471 ավտոմեքենաների ստուգմամբ պարզվել է, որ ընդամենը 5-ի անվադողերն են եղել ամառային, իսկ 1-ինը՝ համասեզոնային։
Նրա տեղեկացմամբ՝ եղանակային պայմանները հաշվի առնելով՝ Պարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը ճանապարհներին։
«Միայն մեկ օրում՝ դեկտեմբերի 27-ին, պարեկները հանրապետությունում ստուգել են 1240 տրանսպորտային միջոցների անվադողեր, 129-ի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն»,- հայտնում է Սարգսյանը։
ՀՀ ՆԳՆ-ն հորդորում է պահպանել երթևեկության կանոնները և վարել բացառապես ձմեռային անվադողերով։ Նախազգուշացնում են՝ խիստ հսկողությունը շարունակվելու է։