Թուրքիայում ավիավթարի զոհ դարձած լիբիացիների աճյունները տեղափոխվել են հայրենիք

Լիբիայի պատվիրակության անդամների հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել «Մյուրթեդ» ավիաբազայում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի Անկարա նահանգում ավիավթարի հետևանքով զոհված լիբիական պատվիրակության անդամների աճյուններն այսօր ուղարկվել են հայրենիք: Տեղեկությունը հայտնում է թուրքական ռազմական գերատեսչությունը։
Պատվիրակության անդամների հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել «Մյուրթեդ» ավիաբազայում, մասնակցել են Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, ԶՈւ գլխավոր շտաբի պետ Սելչուկ Բայրաքթարօղլուն, ԶՈւ ղեկավարության մի շարք այլ անդամներ:
Հիշեցնենք` դեկտեմբերի 24-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով մահացել են Լիբիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մուհամմեդ Ալի Ահմեդ Ալ-Հադադը և նրան ուղեկցող անձինք։
Ինքնաթիռում եղել է 5 մարդ, այդ թվում՝ Ալ-Հադադը։ Լիբիական ԶԼՄ-ների տվյալներով՝ մյուս ուղևորները նույնպես բարձրաստիճան զինվորականներ էին։
Լիբիայի վարչապետ Աբդել Համիդ Դբեյբան հայտարարել է, որ աղետը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ լիբիական պատվիրակությունն Անկարա կատարած պաշտոնական այցից հետո վերադառնում էր հայրենիք: Նա հինգ բարձրաստիճան զինվորականների մահն անվանել է «երկրի համար մեծ կորուստ»։
Ինչպես նշում է AP գործակալությունը, Մուհամմեդ Ալ-Հադդադն առանցքային դեր է խաղացել պառակտված լիբիական բանակի միավորման ջանքերում:
Հայտնաբերվել է լիբիական պատվիրակության՝ Թուրքիայում կործանված ինքնաթիռի սև արկղը