ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու Ռաֆայել Գրոսին հուսով է, որ ՄԱԳԱՏԷ-ի հաջորդ ղեկավարը կուժեղացնի կառույցի դերը: Նա այդ մասին ասել է ՌԻԱ Նովոստիին։
«Հուսով եմ, որ հաջորդ ղեկավարն ավելի կընդլայնի գործակալությունն ու նրա դերը: Կարծում եմ` դա բնական ձգտում է յուրաքանչյուրի համար, հատկապես իմ դեպքում: Ես այս ոլորտում աշխատում եմ ավելի քան 40 տարի և կարծում եմ, որ օգուտն ակնհայտ է: Գործակալությունն ավանդաբար ընկալվում է որպես շատ հեղինակավոր կառույց, և ես հույս ունեմ, որ այդպես էլ կմնա։ Բայց նախ պետք է հաղթեմ Նյու Յորքում, որպեսզի հեռանամ այս պաշտոնից։ Տեսնենք` ինչ կլինի», - ասել է նա։
Հարցին, թե ով կարող է լինել ՄԱԳԱՏԷ-ի հաջորդ ղեկավարը, եթե նա դառնա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, Գրոսին պատասխանել է, որ չգիտի։
«Ես միայն գիտեմ, որ կան շատ տաղանդավոր մարդիկ։ Եվ հույս ունեմ, որ ՄԱԳԱՏԷ-ի հաջորդ ղեկավարը նույն սիրով կվերաբերվի իր գործին: Սա եզակի հաստատություն է և արժանի է լավագույնին», - եզրափակել է նա։
Հիշեցնենք` Արգենտինան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ներկայացրել է Գրոսիի թեկնածությունը: