Աշխարհի առաջնություն. ի՞նչ արդյունքներ են գրանցել հայ գրոսմայստերները

Դոհայում ընթացող մրցաշարի մրցանակային ֆոնդը 1 միլիոն դոլար է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը Կատարում մեկնարկած արագ շախմատի աշխարհի առաջնության 5 մրցափուլից հետո չորսական միավոր են վաստակել և ընդամենը կես միավորով են զիջում առաջատարների խմբին։ Հայ գրոսմայստերները 3 պարտիայում հաղթել են, 2 պարտիա ավարտել ոչ-ոքի արդյունքով։
Տղամարդկանց մրցաշարը բաղկացած է 13 մրցափուլից։ Տղամարդկանց մրցաշարում Հայաստանը ներկայացնում են Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արթուր Դավթյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էմին Օհանյանը և Ռոբերտ Փիլիպոսյանը։ Մրցաշարին մասնակցում են նաև ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը, ինչպես նաև աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենը և գործող չեմպիոն Գուկեշ Դոմարաջուն։
Շախմատիստ Արթուր Դավթյանը գրոսմայստերի կոչում կստանա
Կանանց մրցաշարում Հայաստանը ներկայացնում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը և Մարիամ Մկրտչյանը։ Չորս տուրից հետո նրանք ունեն 2.5 միավոր։ Կանանց մրցաշարը կանցկացվի 11 մրցափուլով։
Արագ և կայծակնային խաղի աշխարհի առաջնությունն անցկացվում է Դոհայում դեկտեմբերի 25-30-ը։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը 1 միլիոն դոլար է։ Աշխարհի առաջնությանը մասնակցում են 247 տղամարդ և 141 կին շախմատիստներ։
Հայտնի է` ովքեր են Հայաստանի 2025 թ. լավագույն մարզիկները