ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ առաջիկայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Պայմանավորվել ենք առաջիկայում հանդիպել ամենաբարձր մակարդակով՝ նախագահ Թրամփի հետ։ Մինչև Նոր տարի շատ բան կարող է որոշվել», – գրել է Զելենսկին Telegram–ում։
Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմը հայտարարել էր, որ ուկրաինական կարգավորման վերաբերյալ ծրագիր է մշակել։ Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է բանակցությունների համար և հավատարիմ է Անքորիջի հարթակում տեղի ունեցած քննարկումներին։
ՌԴ նախագահի` արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը դեկտեմբերի 20-21-ը Մայամիում բանակցել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի և ԱՄՆ նախագահի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ։
Դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Ուիտկոֆին և Քուշներին։ ԱՄՆ ներկայացուցիչների ռուսաստանյան այցը կապված էր Ուկրաինայի հարցով ԱՄՆ խաղաղության ծրագրի քննարկման հետ։ Պուտինի խոսքով՝ ամերիկյան կողմը 27 կետերը բաժանել է չորս փաթեթի և առաջարկել է առանձին քննարկել դրանք։
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը Կրեմլում կայացած բանակցություններն անվանել է շատ բովանդակալից՝ հավելելով, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի շփումները կշարունակվեն։ Միևնույն ժամանակ Ուշակովը նշել է, որ մարտադաշտում ՌԴ զինվորականների հաջողությունները դրական են ազդել բանակցությունների ընթացքի և բնույթի վրա։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, որ Կիևի ռեժիմը պետք է որոշում կայացնի և սկսի պայմանավորվել, քանի որ ռուսական զինուժի հարձակողական գործողությունների արդյունքում Կիևի որոշումների կայացման ազատությունը կրճատվում է, և հենց սա է Կիևի ռեժիմին խաղաղ կարգավորման հարկադրելու միջոցը, շարունակելն անիմաստ է և վտանգավոր Կիևի համար։