ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի հետախուզության ազգային վարչությունը (MİT) ձերբակալել է «Իսլամական պետություն»* ահաբեկչական խմբավորման զինյալի, որը պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել Ամանորին։ Տեղեկությունը հայտնում է «TRT Haber» պետական հեռուստաալիքը։
«MİT-ը հետախուզական աշխատանքների արդյունքում պարզել է, որ Իբրահիմ Բուրթակուչինը Թուրքիայում գործել է հօգուտ ԻՊ շահերի, պատրաստվել է առաջին իսկ հնարավորության դեպքում մեկնել Թուրքիայից և միանալ ԻՊ–ին, ինչպես նաև պատրաստվում էր ԻՊ–ի անունից ահաբեկչություն իրականացնել Թուրքիայում։ Բուրթակուչինը կապ է պահպանել Թուրքիայում և այլ երկրներում ԻՊ-ի բազմաթիվ համակիրների հետ», – ասված է հաղորդագրությունում։
Բուրթակուչինը ձերբակալվել է Մալաթիա նահանգում, խուզարկության ժամանակ առգրավվել են թվային նյութեր և տարբեր քարոզչական հրապարակումներ։
Երեկ Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ ձերբակալման օրդեր է տվել 137 կասկածյալի համար, որոնք Թուրքիայում Սուրբ ծննդյան և Նոր տարվա օրերին ահաբեկչական հարձակումներ էին ծրագրում իրականացնել ԻՊ*–ի հորդորով, 115 մարդ արդեն ձերբակալվել է։
* «Իսլամական պետությունը» (ԻՊ) ՌԴ–ում ահաբեկչական ճանաչված կազմակերպություն է։