ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) կողմից Պարսից ծոցի ջրերում ձերբակալված լցանավը օտարերկրյա է, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը՝ հղում անելով երկրի դատական իշխանություններին։
«ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը Պարսից ծոցի ջրերում` Քեշմ կղզու մոտակայքում, շուրջ 4 մլն լիտր մաքսանենգ վառելիք տեղափոխող օտարերկրյա լցանավ են հաջողությամբ ձերբակալել», – ասվում է հաղորդագրության մեջ։
Լցանավը ձերբակալել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը դեկտեմբերի 24-ին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԻՀՊԿ-իաԱռաջին ռազմածովային շրջանի հրամանատար Աբբաս Ղոլամշահին, նավի կանգնեցումից հետո անձնակազմի 16 անդամներ ձերբակալվել են։ Բոլորն օտարերկրյա քաղաքացիներ են։ Մաքսանենգ վառելիքը կբռնագրավվի Իրանի օրենսդրության համաձայն։ Գործն ուղարկվել է քննության երկրի դատական մարմիններին։
Ղոլամշահին նշել է, որ ներկայումս հետաքննությունը շարունակվում է, որպեսզի բացահայտվի հանցավոր մաքսանենգ կազմակերպությունը, որին պատկանում է ձերբակալված նավը։