ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Հանրապետությունում գրանցված տրանսպորտային միջոցների թիվը հասնում է 1 մլն-ի։ Այսօր «Հարցնում է քաղաքացին» հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով Երևանի խցանումներին։
«Այն պայմաններում, երբ մենք դեռ չունենք ենթակառուցվածքների այնպիսի ընդլայնում, որը կարող է թույլ տրվել նման տրանսպորտային միջոցների հոսքի պարագայում, խցանումները հնարավոր են»,– ասաց Սարգսյանը։
Միևնույն ժամանակ նախարարը հիշեցրեց, որ մայրաքաղաքի երթևեկության կազմակերպման պատասխանատուն Երևանի քաղաքապետարանն է։ Սակայն նա հավելեց, որ քաղաքային իշխանությունների հետ մշտապես գործակցում են։
«Այս տարի հասցրել ենք 31 փոփոխություն իրականացնել հենց նախարարության առաջարկով, ինչը թույլ է տվել բարձրացնել խաչմերուկների թողունակությունը կամ ճիշտ կազմակերպել երթևեկության հոսքերը»,– նշեց նախարարը։
Արփինե Սարգսյանի խոսքով՝ այս պահին շարունակում են մոնիթորինգ իրականացնել՝ հասկանալու այս տարի կատարված երթևեկության փոփոխությունների արդյունավետությունը։ Այս համատեքստում նա չբացառեց նոր փոփոխությունները։ Նախարարը հիշեցրեց, որ կառավարությունում՝ փոխվարչապետի գլխավորությամբ, աշխատանքային խումբ է գործում, որը փորձում է լուծումներ տալ խցանումների խնդրին։
Կառավարական հանձնաժողովում, ըստ Արփինե Սարգսյանի, խցանումների խնդիրը հատվածային չեն դիտարկում, այլ երկարաժամկետ կտրվածքով։ Նախարարը հավելեց, որ հիմնական լուծումները կտրվեն միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերով։