ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտոնատար անձինք մեղադրվում են զորամասից դիզվառելիք հափշտակելու և հափշտակությանն օժանդակելու մեջ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
«Գումարտակի հրամանատարի տեղակալը 700 լիտր դիզելային վառելիքի ավելցուկը պահեստ մուտքագրելու փոխարեն որոշել է վաճառել և գնորդ գտնելու համար դիմել է նույն զորամասի դասակի հրամանատարին։ Վառելիքը գնորդի ավտոմեքենայով դուրս է բերվել զորամասից ու վաճառվել, իսկ գումարը բաժանվել է նշված անձանց միջև»,- ասված է հաղորդագրությունում:
Դրանից հետո նույն ավտոմեքենայով փորձել են զորամասից դուրս բերել ևս 2 տոննա դիզելային վառելիք՝ դարձյալ վաճառելու նպատակով։ Խմբի անդամները հանցավոր արարքը չեն կարողացել ավարտին հասցնել, քանի որ պահեստապետը ձերբակալվել և տեղափոխվել է Հակակոռուպցիոն կոմիտե:
Հափշտակության և դրա փորձի համար ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի (վստահված գույքը հափշտակելը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 44-256-րդ հոդվածի (վստահված գույքը հափշտակելու փորձը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով մեղադրանքներ են ներկայացվել զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալին և պահեստապետին:
Մեղադրանքներ են ներկայացվել նաև դասակի հրամանատարին և վառելիքի գնորդին: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը: Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: