Գարիկ Գալեյանն ազատության մեջ է. փաստաբան

Գարիկ Գալեյանը,. Արխիվային լուսանկար
Այսօր հանվել է Գալեյանի էլեկտրոնային հսկողության սարքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. 44–օրյա պատերազմի ժամանակ զոհված Մխիթար Գալեյանի հայրը` Գարիկ Գալեյանը, ազատության մեջ է։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Վահան Հովհաննիսյանը։
«Դուրս ենք գալիս Պրոբացիայի ծառայությունից, որտեղ հանվեց Գալեյանի էլեկտրոնային հսկողության սարքը, և նա այսօրվանից լիակատար ազատության մեջ է»,–հայտնեց փաստաբանն իր տեսաուղերձում։
Հիշեցնենք` խուլիգանության մեղադրանքով Գալեյանը 1,5 տարի ժամկետով ազատազրկվել էր։ Այս տարվա օգոստոսին պաշտպանական կողմին հաջողվել էր Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկման միջոցով Գալեյանին նկատմամբ 2 տարի ազատազրկման վճիռը դարձնել 1,5 տարի։
2023 թ. սեպտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ Գալեյանը ձերբակալվել է։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ նրա մոտ 3 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել։ Սեպտեմբերի 9–ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը, և Գալեյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց երկամսյա կալանքը։
Դրանից հետո փաստաբանը հայտնել էր, որ Գալեյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և նրան տեղափոխել են հիվանդանոց: Սակայն, չնայած դրան, Վերաքննիչ դատարանը հոկտեմբերի 9-ին մերժեց նրա փաստաբանների միջնորդությունը խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։
Ավելի ուշ նրա խափանման միջոցը փոխվեց, ընտրվեց տնային կալանքը։ Փետրվարի 21-ին դատարանը տնային կալանքը երկարաձգեց ևս երկու ամսով։