«ԱրՔա» քարտով հետվճարի ամսական առավելագույն չափը կկազմի 60 հազար դրամ. փոխնախարար

Այն կենսաթոշակառուները, որոնք իրենց թոշակը ստանում են «ԱրՔա» քարտերով, իրենց համար նախատեսված 20 տոկոս հետվվճարին կգումարվի նաև այս նոր` 2 տոկոսանոց վերադարձը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. «ԱրՔա» քարտով հետվճարից ստացվող ամսական առավելագույն գումարը կկազմի 60 հազար դրամ։ Ասուլիսի ժամանակ այդ մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը:
ՀՀ կառավարությունը երեկվա նիստի ժամանակ որոշում ընդունեց, ըստ որի` «Արմենիան Քարդ» ՓԲԸ–ի կողմից գործարկվող «ԱրՔա» վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց տրամադրվող հետվճարները կհաշվարկվեն և կվճարվեն 2026 թ. փետրվար ամսվանից սկսած մինչև 2027 թ. հունվարը ներառյալ: Այն անձինք, որոնք ունեն «ԱրՔա» քարտ, իրենց կատարած անկանխիկ գնումների համար կունենան 2 տոկոս հետվերադարձի հնարավորություն։
«Գործարքների գումարի սահմանափակումը սկսվում է 1000 դրամ և ավելի գնման դեպքում։ Մի գործարքի դեպքում առավելագույն հետվճարի գումարը սահմանափակված է 6000 դրամով, իսկ մեկ ֆիզիկական անձի հաշվով ամսական հանրագումարային հետվճարի սահմանային չափ է նշվել 60 հազար դրամը, այսինքն` 3 մլն դրամ գնման սահմանափակում է դրված, որի դեպքում 2 տոկոսը կազմում է 60 հազար դրամ»,– մանրամասնեց փոխնախարարը։
Նա տեղեկացրեց, որ վերադարձի գումարները քաղաքացիների հաշվեհամարներին կնստեն հաջորդ ամսվա մինչև 25–ը և միայն այն դեպքում, երբ գնումները կատարվել են ՀՀ տարածքում գրանցված կազմակերպություններից։ Օտարերկրյա մարկետփլեյսներից կատարված գնումներից վերադարձ կլինի, եթե դրանք ՀՀ–ում գրանցված ռեզիդենտ կազմակերպություններ են։
Մկրտչյանը նաև նշեց այն ծառայությունները, որոնց դեպքում վերադարձի այս մեխանիզմը չի գործի։ Օրինակ` տեղեկատվության, կապի և կոմունալ ծառայությունների դիմաց կատարված վճարումներից վերադարձ չի լինի։ Նրա խոսքով` նույն ցանկում են ներառված նաև պետական և համայնքային բյուջեների օգտին կատարված վճարումները, թվային ֆայլերի պահեստավորումը, դրամապանակները, կրիպտոդրամանակները, թանկարժեք քարերի առուվաճառքը, բանկային գործարքները, բարձր ռիսկային վաճառակետերում կատարված գործարքները` մեծահասակների համար նախատեսված բովանդակություն ունեցող, ինչպես նաև ծանոթությունների կայքերը, խաղատները, խաղային ծառայությունները, ազարտային խաղերը, հեռախոսային մարկետինգի ծառայությունները։
Փոխնախարարը չբացառեց, որ առաջիկայում «Վիզա» և «Մաստեր» վճարային համակարգերը, համագործակցելով «ԱրՔայի» հետ, թողարկեն համատեղ քարտեր, որոնցով նույնպես հնարավոր կլինի ստանալ 2% վերադարձը։
Նա տեղեկացրեց, որ այս պահին կիրառության մեջ կա շուրջ 500 հազար «ԱրՔա» քարտ։
Ի դեպ, այն կենսաթոշակառուները, որոնք իրենց թոշակը ստանում են «ԱրՔա» քարտերով, իրենց համար նախատեսված 20 տոկոս հետվճարին կգումարվի նաև 2–տոկոսանոց վերադարձը։
Նշենք, որ անկանխիկ եղանակով վճարումներից հետվճարի 2 տոկոսը կձևավորվի «Արմենիան Քարդ» ՓԲԸ հատկացումներից՝ 1 % և պետության կողմից 1 % համամասնությամբ։
Պարգևավճա՞ր, թե՞ նախընտրական ծախսերի գումար. Նաիրի Սարգսյանը կասկածներ ունի