Առատ ձյուն և բուք. ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նախազգուշացնում է

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Առաջիկա օրերին Հայաստանի որոշ հատվածներում առատ ձյուն կգա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
«Հյուսիս-արևմուտքից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված դեկտեմբերի 26-ին, դեկտեմբերի 27-ի գիշերը առանձին շրջաններում կտեղա թույլ ձյուն։ Դեկտեմբերի 27-ի կեսօրից հետո դեպի երեկո և դեկտեմբերի 27-ին լույս 28-ի գիշերը ու առավոտյան հանրապետության ողջ տարածքում, դեկտեմբերի 28-ի ցերեկը Գեղարքունիքում, Արարատում, Վայոց Ձորում ու Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ առատ»,– ասված է հաղորդագրությունում։
Հանրապետության լեռնային մարզերի առանձին գոտիներում սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-30-ին հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-7 աստիճանով։
Երևանում ձյուն կգա դեկտեմբերի 27-ի ուշ երեկոյան, դեկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը և առավոտյան։