ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. «5-րդ ալիք» և «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունները պատրաստ են եթերաժամ տրամադրել «Շողակաթին» հոգևոր-մշակութային հաղորդումների համար։ Այս մասին հայտնել են հեռուստաընկերությունների տնօրենները։
Հիշեցնենք, որ կառավարության երեկվա նիստում որոշում կայացվեց, որ «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ–ն` «Շողակաթ» հեռուստաընկերությունը, կլուծարվի։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ լուծարման հիմք է հանդիսանում 2025 թ. հոկտեմբերի 24-ի «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը։
Հեռուստաընկերությունը ստեղծվել էր ՀՀ կառավարության 2011 թ. փետրվարի 24-ի որոշմամբ, որով ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվել են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին:
Հիշեցնենք նաև, որ ԱԺ–ն հոկտեմբերի 24-ին ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն անելու նախագիծը, որով նախատեսվում է հանրային հեռարձակողների թիվը նվազեցնել՝ հասցնելով երկուսի՝ միևնույն ժամանակ վերացնելով նաև կրթական-մշակութային ուղղվածության ծրագիր պարունակելու պահանջը։ Օրինագծի հիմնավորումից պարզ էր դառնում, որ խոսքը հոգևոր–մշակութային «Շողակաթ» հեռուստաընկերությունից հրաժարվելու և այն հանրային հեռարձակողների շարքից դուրս թողնելու մասին է։
Փոփոխությունները կսկսեն գործել 2026թ․ հունվարի 1-ից։
Հավելենք, որ «Շողակաթը» փակվում է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի հետ ՀՀ իշխանությունների սրված հարաբերությունների ֆոնին։