Ո՞ր զինվորականներն են ազատվում ատեստավորումից

Փոփոխություն է առաջարկվում նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Զինվորականների ատեստավորման գործընթացը պարզեցվում է։ Կառավարությունը հաստատեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններն ու լրացումները։ ՊՆ-ն հիմնավորման մեջ նշել է, որ «այլևս արդիական չէ զինծառայողին համապատասխան խմբի զինվորական պաշտոնի առաջին անգամ նշանակելիս պարտադիր ատեստավորման պահանջը»։
Նախագծում ընդգծվում է, որ պարտադիր ատեստավորում պետք է անցնեն այն զինծառայողները, որոնք «պահեստազորից ընդունվում են պայմանագրային զինվորական ծառայության», ինչպես նաև այն դեպքերում, երբ «ենթասպայական կամ շարքային կազմի զինծառայողը նշանակվում է սպայական կազմի զինվորական պաշտոնի»։
Եթե զինծառայողը նշանակվում է ոչ մարտական պաշտոնի և չի անցնում ավելի բարձր կարգավիճակի, ապա պարտադիր ատեստավորում անցնելու պահանջ այլևս չի դրվում։
Փոփոխություն է առաջարկվում նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրում։ Առաջարկվում է, որ «առաջին 5 տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին հնարավորություն տրվի երկու կամ հինգ տարի ժամկետով հերթական պայմանագիր կնքելու դեպքում ևս նախատեսել պատվովճար ստանալու իրավունք»։ Ըստ նախատեսվող հաշվարկների՝ երկու տարվա պայմանագրի դեպքում խոսքը մոտ 1,5 միլիոն դրամի, իսկ հինգ տարվա դեպքում՝ 5 միլիոն դրամի մասին է։
Ըստ նախագծի` «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնող զինծառայողներին առաջարկվում է ատեստավորված համարել ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննություններիը։ Պետությունը փաստացի ընդունում է, որ կրթական գործընթացի ավարտական քննությունները արդեն իսկ մասնագիտական գնահատում են։