ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Թեհրանում սպանվել է Աֆղանստանի նախկին կառավարության անվտանգության ծառայության աշխատակից Էքրամոդին Սարին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Mehr» գործակալությանը:
«Թեհրանում զինված հարձակման հետևանքով սպանվել է Աֆղանստանի նախկին կառավարության անվտանգության աշխատակից էքրամոդին Սարին: Իրանի ոստիկանությունը հաստատել է նրա սպանության փաստը», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Սարին սպանվել է երեկ` աշխատանքային օրվա ավարտից հետո, Թեհրանի կենտրոնական մասում գտնվող Վալիասր փողոցում: Անհայտ անձը կամ անձինք կրակել են նրա գլխին։ Սարին մահացել է հիվանդանոցում։
Իրանական ոստիկանությունը միջադեպի հետաքննություն է սկսել, հանցագործների ինքնությունը պարզելու ուղղությամբ աշխատանքները դեռ շարունակվում են: