Առնվազն 9 մարդ է զոհվել Հնդկաստանի Կարնատակա նահանգում բեռնատարի հետ ավտոբուսի բախման հետևանքով: Այս մասին հայտնում է տեղական News 18 հեռուստաալիքը։
«Seabird Tourist» ընկերությանը պատկանող ավտոբուսը 32 մարդու էր տեղափոխում Բանգալորից Գոկարնա։ Վթարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ընթացող բեռնատարը, ենթադրաբար, կորցրել է կառավարումը, դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել ավտոբուսին»,- հայտնում է հեռուստաալիքը:
Ականատեսների խոսքով՝ հարվածից հետո ավտոբուսը բռնկվել է։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել ու հայտարարել է յուրաքանչյուր զոհվածի հարազատներին 200 հազարական ռուփի (2,2 հազար դոլար) և տուժածներին 50 հազարական ռուփի (556 դոլար) փոխհատուցում վճարելու մասին: