ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. 2026 թվականի հունվարի 2-ից 6 ամսով կարգելվի Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանումը։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Որոշման մեջ նաև նշվում է, որ վերջին տարիների սիգի կենսազանգվածի աճի տենդենցը դեռևս չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը լճում (համաձայն որոշ գիտական տվյալների՝ մինչև 10000 տոննա ընդհանուր պաշար, արդյունագործական որսը՝ շուրջ 2000 տոննա և ավելի)։
Սևան լճում սիգի բնական վերարտադրության ապահովման նպատակով յուրաքանչյուր տարի նոյեմբերի վերջից մինչև հաջորդ տարվա փետրվար իրականացվում է համալիր խստացված միջոցառումների ծրագիր` սիգի որսի արգելքի ժամանակ ապօրինի որսը բացառելու նպատակով։
Որոշման ընդունման նպատական է նաև կանխարգելելու միջազգային շուկայում բարձր արժեք ունեցող սիգի ձկնկիթի արտահանման հնարավոր բացասական հետևանքները, ինչպես նաև մարդածին մեծ բացասական ազդեցության ու կենսառեսուրսների նկատմամբ ձևավորված սպառողական վերաբերմունքի հնարավոր բացասական հետևանքները: