ԱՊՀ երկրների փոխադարձ առևտուրը չորս տարվա ընթացքում աճել է 18%-ով. գլխավոր քարտուղար

Սերգեյ Լեբեդևի խոսքով՝ փոխադարձ ներդրումների բարձր մակարդակը պահպանվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Վերջին չորս տարիների ընթացքում ԱՊՀ երկրների միջև փոխադարձ առևտուրը աճել է 18%-ով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
Նա ընդգծել է, որ փոխադարձ ներդրումների բարձր մակարդակը պահպանվում է։
«2023 թվականին ստորագրված ծառայությունների ազատ առևտրի և ներդրումների մասին համաձայնագիրը պետք է դրական դեր խաղա այս ներդրումների հետագա ընդլայնման գործում, քանի որ այն կարևոր աջակցություն է ԱՊՀ շուկայի նկատմամբ ներդրողների վստահության ամրապնդման համար», – նշել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։
Լեբեդևը հայտնել է, որ 2025 թվականի կեսերի դրությամբ ԱՊՀ երկրների միջև կուտակված փոխադարձ ներդրումները հասել են ռեկորդային 41,6 մլրդ դոլարի` գրեթե կիսով չափ աճ գրանցելով վերջին 10 տարիների ընթացքում։
«Ամենամեծ ներդրողը օբյեկտիվորեն տարածաշրջանի ամենամեծ տնտեսությունն է՝ Ռուսաստանը, իսկ ներդրումային հոսքի ամենանշանակալի աճն այժմ գրանցվում է Կենտրոնական Ասիայում, նախևառաջ Ղազախստանում և Ուզբեկստանում», – բացատրել է գլխավոր քարտուղարը։
Սերգեյ Լեբեդևը նաև նշել է, որ լավ արդյունքներ է տալիս փոխգործակցությունը արդյունաբերության, գյուղատնտեսության և տնտեսության այլ ոլորտներում։