ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի - Sputnik. Ուկրաինական հակամարտության կարգավորմանը ԱՄՆ-ն այժմ մոտ է ավելի, քան երբևէ: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիտաքերը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Կարծում եմ, որ մենք լուծել ենք հարցերի մեծ մասը։ Այնպես որ, մոտենում ենք (կարգավորմանը - խմբ.) ավելի, քան երբևէ»,-հայտարարել է նա Fox News հեռուստաալիքի հետ զրույցում՝ հավելելով` Վաշինգտոնը հավատում է, որ Ուկրաինայում խաղաղությունը հաստատ հնարավոր է։
Ամերիկացի պաշտոնյան նաև վստահություն է հայտնել, որ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի միակ պատճառը Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում գտնվելն է:
«Նա կարող է երկու կողմերին բերել բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի շարունակի քննարկումը։ Հուսանք, որ դա կշարունակվի, և մենք կկարողանանք հնարավորինս շուտ լուծել այս խնդիրը», - ավելացրել է Ուիտաքերը:
Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմը հայտարարել էր ուկրաինական կարգավորման պլանի մշակման մասին։ Կրեմլում հայտնել էին, որ Ռուսաստանը բաց է բանակցությունների համար և մնում է անքորիջյան քննարկումների հարթակում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 2-ին Կրեմլում ընդունել էր ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆին և Թրամփի փեսային՝ Affinity Partners ընկերության հիմնադիր Ջարեդ Քուշներին: ԱՄՆ ներկայացուցիչների այցը Ռուսաստան կապված էր Ուկրաինայի հարցով ամերիկյան խաղաղ ծրագրի քննարկման գործընթացի հետ։ Ինչպես հայտնել էր Պուտինը, ամերիկյան կողմը 27 կետերը բաժանել է 4 բաղադրիչի և առաջարկել դրանք առանձին քննարկել:
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը Կրեմլում կայացած բանակցություններն անվանել էր շատ բովանդակալից՝ հավելելով, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի շփումները կշարունակվեն: Ընդ որում, Ուշակովը նշել էր, որ Ռուսաստանի բանակի հաջողությունները ռազմի դաշտում դրական են ազդել բանակցությունների ընթացքի և բնույթի վրա:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին հայտարարել էր, որ Կիևի ռեժիմը պետք է որոշում կայացնի և սկսի պայմանավորվել, քանի որ ազատ որոշումներ կայացնելու համար տարածքը կրճատվում է ՌԴ ԶՈւ հարձակողական գործողությունների արդյունքում, իսկ դա պարտադրում է Կիևի վարչակարգին՝ հարցը լուծել խաղաղ, քանի որ շարունակելը Կիևի համար անիմաստ է և վտանգավոր: