ԱՄՆ–ի հետ փաստաթուղթ ենք նախապատրաստում. Փաշինյանը` «Թրամփի ուղու» մասին

ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը հիմա աշխատում է սահմանային, մաքսային ենթակառուցվածքների` ժամանակակակից, գերժամանանակից տեխնիկայի ձեռքբերման վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը ԱՄՆ–ի հետ երկկողմ ձևաչափով ռազմավարական շրջանակը նկարագրող փաստաթուղթ կամ հուշագիր է նախապատրաստում։ Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով հարցին, թե որ փուլին է հասել «Թրամփի ուղի» նախագիծը։
«Այդ փաստաթուղթը երկու կողմերը որևէ ձևաչափով պետք է ընդունեն, որից հետո պետք է սկսի հաջորդ քայլը։ Հիմա «Թրամփի ուղի» նախագծի շրջանակն ենք ձևակերպում` ինչպես նախատեսված է Վաշինգտոնի համաձայնագրում»,– նշեց Փաշինյանը։
Նա ասաց, որ իր կանխատեսումը շարունակում է մնալ նույնը, որ այս նախագծի հետ կապված աշխատանքները գործնականում կտեսնենք 2026 թ. 2–րդ կեսին։
«Ենթադրում եմ, որ երկաթուղին կլինի առաջին նախագիծը, չնայած չեմ բացառում, որ տնտեսական նպատակահարմարության և ներդրումային գրավչությունները որոշակիորեն կճշտգրտվեն և հնարավոր է` պարզվի, որ, օրինակ` գազամուղի նախագիծը կամ նավթամուղի նախագիծն ավելի վաղ է իրականացվելու, քան նախատեսված է։ Սա որևիցե ակնարկ չէր»,– ընդգծեց վարչապետը։
Նա տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունը հիմա աշխատում է սահմանային, մաքսային ենթակառուցվածքների` ժամանակակակից, գերժամանանակից տեխնիկայի ձեռքբերման վրա, որը կներդվի ոչ միայն Հայաստան–Ադրբեջան, այլև Հայաստան–Վրաստան, Հայաստան–Թուրքիա, Հայաստան–Իրան սահմաններին։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
Դեկտեմբերի 18–ին կայացել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի շրջանակներում պայմանավորվածությունների իրականացման ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը։