«Այո՛, մեր խոստումը չենք կատարել». Փաշինյանը` Կապսի ջրամբարի կառուցման մասին

ՀՀ վարչապետի խոսքով` տվյալ դեպքում մրցութային ընթացակարգերն իրականացվել են միջազգային գործընկերների հաստատած ընթացակարգով, և ՀՀ կառավարությունն իր կողմից արել է ամեն ինչ, որպեսզի ծրագիրը հաջողությամբ ընթանար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Շիրակի մարզի Կապսի ջրամբարի շինաշխատանքները դադարեցվել են, քանի որ կապալառուն չի կատարել պայմանագրային իր պարտավորությունները։ ՀՀ կառավարության նիստից հետո այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին, թե ինչու աշխատանքները ձախողվեցին, քանի որ և՛ Ջրաձոր գյուղի բնակիչների վերաբնակեցման, և՛ ջրամբարի աշխատանքների ավարտի համար մինչև 2026 թվականն էր նախատեսված։
«Մենք կունենանք այդ ջրամբարը, և գյուղը կտեղափոխվի։ Խոշոր կապիտալ ծրագրերն այդպիսին են, աշխարհի բոլոր երկրներում լինում են դեպքեր, երբ ծրագրերը չեն իրականացվում իրենց ժամկետներում»,– նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով` տվյալ դեպքում մրցութային ընթացակարգերն իրականացվել էին միջազգային գործընկերների հաստատած ընթացակարգով, և ՀՀ կառավարությունն իր կողմից արել է ամեն ինչ, որպեսզի ծրագիրը հաջողությամբ ընթանար։
Վարչապետը տեղեկացրեց, որ պարզապես կապալառու գործընկերը պայմանագրային իր պարտավորությունը չի կատարել, նրա հետ պայմանագիրը խզվել է, այժմ փնտրում են նոր գործընկեր, որ այդ ծրագիրը կիրականացնի։
«Այո՛, մեր խոստումը չենք կատարել, քանի որ կապալառու կազմակերպությունն իր խոստումը չի կատարել։ Մենք մեր խոստումը այսպես թե այնպես կկատարենք ու կունենանք Կապսի ջրամբարը, ինչպես ունեցանք Վեդիի ջրամբարը»,– ընդգծեց նա` ավելացնելով, որ ժամանակի ընթացքում պետք է այնպես անեն, որ ջրամբար կառուցելը դառնա սովորական մի բան։
Հիշեցնենք` այս տարվա հոկտեմբերի 31–ին ԱԺ–ում 2026 թ. պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնեց, որ Ախուրյան գետի վրա (Շիրակի մարզ) Կապսի խոշոր ջրամբարի շինարարությունն իրականացվում է գերմանական KFW բանկի ֆինանսական աջակցությամբ: Նախարարի խոսքով՝ նախագծի աշխատանքները որոշակիորեն հետ են մնում սահմանված ժամանակացույցից։