ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Կալուգայի մարզում մի շարք ահաբեկչական հարձակումներ են կանխվել, որոնք ծրագրել էին Ուկրաինայի հատուկ ծառայությունները։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն։
«Անցկացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 1976 թվականին ծնված Կալուգայի բնակիչը, որը ծնունդով Զապորոժիեից է, Ուկրաինայի հատուկ ծառայությունների հանձնարարությամբ ծրագրում էր ինքնաշեն պայթուցիկ սարքերի միջոցով պայթյուն իրականացնել դաշնային գազապահեստարանում և պաշտպանական ձեռնարկության կայանատեղիում», – ասվում է հաղորդագրության մեջ։
ԱԴԾ-ի տվյալներով՝ ահաբեկչական հարձակումն իրագործելու համար պատրաստվել են մոտ 80 կգ պայթուցիկ նյութեր և ինքնաշեն հրկիզող սարքեր։ Ընդգծվում է, որ Ուկրաինայի հատուկ ծառայությունների ստեղծած թաքստոցից առգրավվել է 300 գրամ արտասահմանյան արտադրության պլաստիկ պայթուցիկ նյութ, երկու էլեկտրական դետոնատոր, ինչպես նաև ատրճանակ և ատրճանակի զինամթերք։
Նշվում է, որ ձերբակալման փորձի ժամանակ ահաբեկիչը զինված դիմադրություն է ցուցաբերել և սպանվել է պատասխան կրակով։ Իրավապահ մարմինների աշխատակիցների կամ խաղաղ անձանց շրջանում տուժածներ չեն եղել։
Բացի այդ, ահաբեկչի հեռախոսում տելեգրամյան նամակագրություն է հայտնաբերվել. Ուկրաինայի հատուկ ծառայությունների համակարգողի հետ քննարկվել են ծրագրվող հանցագործությունները, ինչպես նաև ինքնաշեն սարքերի ու պայթուցիկների պատրաստման հրահանգները։
Քրեական գործ է հարուցվել ահաբեկչական գործողություն նախապատրաստելու հոդվածով։