ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի - Sputnik. Ռուսական ВК-800 տուրբոպտուտակային շարժիչով և АВ-901 ներքին օդային պտուտակով սարքավորված «ЛМС-901 «Բայկալ»» ինքնաթիռի առաջին թռիչքային փորձարկումները հաջող են ավարտվել: Այս մասին հայտնել են ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությունից։
Փորձարկող օդաչուները հաստատել են, որ թռիչքն ընթացել է սովորական ռեժիմով և առանց խնդիրների: Ինքնաթիռը օդում գտնվել է կայուն վիճակում, ցուցադրել է լավ կառավարելիություն, ուժային բաղադրիչի ճիշտ աշխատանք և ինչպես հիմնական, այնպես էլ պահուստային համակարգերի հուսալիության հաստատում:
Փորձնական թռիչքի իրականացումից առաջ իրականացվել է ուժային բաղադրիչի ամբողջական վերգետնյա կատարելագործում։ Մասնավորապես, մասնագետները գնահատել են նախատեսված բոլոր ռեժիմներում շարժիչի աշխատանքի կայունությունը, ընդունելիության և դրոսելավորման բնութագրերը, ինչպես նաև ստուգել են շարժիչի վթարային կանգի և օդային պտուտակի վթարային ֆլյուգավորման համակարգերը: Բացի այդ, իրականացվել է վառելիքի մատակարարման համակարգի գնահատում։ Այդ ընթացակարգերի արդյունքներով ինքնաթիռը ստացել է թռիչքային փորձարկումների թույլտվություն։
Ռուսական շարժիչով և օդային պտուտակով «Բայկալի» առաջին թռիչքը տեղի է ունեցել Ուրալի քաղաքացիական ավիացիայի գործարանի օդանավակայանում:
Ինը տեղանոց ЛМС-901 «Բայկալ» ինքնաթիռը կառուցվում է տեղական օդային գծերում շահագործման համար և նախատեսված է որպես Ан-2 ինքնաթիռին փոխարինող: Նախագիծն իրականացնում է «Բայկալ-Ինժինիրինգ» ընկերությունը՝ ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության հետ պայմանագրով: Փորձնական նմուշի առաջին թռիչքը տեղի է ունեցել 2022 թվականի հունվարի 30-ին Եկատերինբուրգի մոտակայքում, այն ժամանակ ինքնաթիռը օդում գտնվել է շուրջ 25 րոպե՝ մոտ 500 մետր բարձրության վրա։
2025 թվականի մարտին ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարությունն ինքնաթիռի լրամշակման և ռուսական արտադրության ուժայն բաղադրիչով ու օդային պտուտակով վերազինման նպատակով իրականացվելիք փորձնական-կոնստրուկտորական աշխատանքների անցկացման համար հայտարարել էր մրցույթ։ Աշխատանքների առավելագույն արժեքը գնահատվում է մոտ 10,4 միլիարդ ռուբլի: