ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Հատկապես նորագույն շրջանի պատմությունն այսօր դարձել է թեժ գաղափարական, քաղաքական և աշխարհաքաղաքական վեճերի առարկա։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ ելույթ ունենալով Հայաստանի միջբուհական բանավիճային առաջնության մասնակիցների համար։
«Շատ են կեղծիքները, բացահայտ ստերը, հետպատերազմյան աշխարհի զարգացումը որոշած առանցքային իրադարձությունները խեղաթյուրելու փորձերը», - նշել է դիվանագետը:
Նրա խոսքով՝ աշխարհակարգի խորքային վերափոխումների պայմաններում օրինաչափ անհրաժեշտություն է առաջանում վերաիմաստավորել մի շարք պատմական իրադարձություններ՝ հաշվի առնելով նոր իրողությունները։ Կոպիրկինն ընդգծել է նման միջոցառումների և ինտելեկտուալ քննարկումների կարևորությունը, որոնք օգնում են երիտասարդներին ինքնուրույն աշխատել փաստերի հետ, ուսումնասիրել պատմական աղբյուրները և ձևավորել անցյալի սեփական ընկալումը այսօրվա տեսանկյունից:
Միաժամանակ, նրա խոսքով, այդքան էլ կարևոր չէ ունենալ միասնական կարծիք կամ ստանալ բոլոր հարցերի սպառիչ պատասխանները։ Գլխավորը ճշմարտությանը ձգտելն է և քարոզչական ու ֆեյք հարձակումների զոհ չդառնալու ցանկությունը։ Դեսպանը վստահություն է հայտնել, որ բանավեճին մասնակցելը նպաստում է երիտասարդների մտավոր և անձնական զարգացմանը, իսկ ստացած գիտելիքներն ու հմտությունները օգտակար կլինեն հետագա մասնագիտական և քաղաքացիական գործունեության համար:
Կոպիրկինը մասնակիցներին մաղթել է բովանդակալից և հետաքրքիր քննարկումներ՝ ընդգծելով, որ նման ինտելեկտուալ մրցումներում պարտվողներ չեն լինում:
Հայաստանի միջբուհական բանավիճային առաջնության եզրափակիչ փուկը կազմակերպվել է այսօր: Վճռորոշ մրցմանը հանդիպել են Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի և Հայաստանի Ամերիկյան համալսարանի թիմերը: