ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր ընդունել է Իսրայելի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Յոել Լիոնին։ Այդ մասին տեղեկություն է հրապարակել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Նախարարությունից նշում են, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Իսրայելի պատվավոր հյուպատոս Աշոտ Շահմուրադյանը։
«Քննարկվել են Հայաստանի և Իսրայելի միջև տնտեսական համագործակցության, առևտրաշրջանառության ավելացման հեռանկարները, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները»,– ասված է հաղորդագրության մեջ։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման և զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը։
Նշվում է, որ նախարար Պապոյանը ներկայացրել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի մանրամասները և հրավիրել է Յոել Լիոնին մասնակցելու 2026 թ. նախատեսվող «Խաղաղության խաչմերուկ» ներդրումային գագաթնաժողովին։