ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Օգոստոսի 8–ին Վաշինգտոնում ստորագրած համաձայնագրերին մենք նայում ենք զուտ Հայաստանի պատուհանից, հայկական ակնոցով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանը` խոսելով ՀՀ–ում ԱՄՆ քաղաքականության և հետաքրքրությունների փոփոխության մասին։
Մասնավորապես «Թրամփի ուղու» համատեքստում Սարգսյանը նկատում է, որ հարցին պետք է մոտենալ գլոբալ քաղաքականության դիտակետից` կտրվելով զուտ հայկական իրողություններից։
«Ես կարծում եմ` այդ ամենը միայն Հայաստանի և «Թրամփի ուղու» մասին չէ, և նույնիսկ Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապելու մասին չէ։ Իրականում սրանք շատ գլոբալ պրոյեկտի միայն մի փոքր մասն են։ Իրականությունը նրա մասին է, որ Կենտրոնական Ասիան այլընտրանքային ճանապարհներով, այսինքն՝ շրջանցելով Ռուսաստանը, շրջանցելով Չինաստանը, կապ հաստատի եվրոպական շուկաների հետ։ Կենտրոնական Ասիայի էներգակիրները, էներգետիկ ռեսուրսները, նավթը, գազը և այլն հասնեն եվրոպական շուկա, և Եվրոպան կախվածության մեջ չլինի Ռուսաստանից և Ռուսաստանի տարածքով անցնող էներգետիկ ռեսուրսներից։ Այս մասին տասնյակ հայտարարություններ են եղել ամենատարբեր մակարդակներում, ամենատարբեր տարիներին»,– արձանագրեց մասնագետը։
Ինչ վերաբերում է տարածաշրջանում ու Հայաստանում ԱՄՆ–ի հետագա ներկայությանը, Սուրեն Սարգսյանը կանխատեսում է, որ Միացյալ Նահանգների ակտիվությունը առնվազն 2026 թ․-ին շարունակելու և նույնիսկ ավելանալու է։
«Կարծում եմ` էդ ակտիվությունը կսկսի հենց հունվար-փետրվար ամիսներին և կշարունակվի ողջ տարվա ընթացքում»,– ասում է Սարգսյանը` չբացառելով, որ հաջորդ տարի «Թրամփի ուղու»` ՀՀ–ով անցնող 43 կմ ճանապարհի ֆորմալ բացման արարողություն կկատարվի, և շատ հնարավոր է` ՀՀ–ում համապետական ընտրությունների քարոզարշավի համատեքստում։
Անդրադառնալով ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի սպասվող փոփոխությանը` Սարգսյանը նշեց, որ Հայաստանը ԱՄՆ–ի համար երբեք չի եղել դեսպանի` քաղաքական նշանակման ուղղություն։
Միաժամանակ, մեր զրուցակիցը հիշեցրեց, որ ԱՄՆ գործող դեսպանի պաշտոնավարման ժամկետը փետրվարին ավարտվում է, և հունվարին նրան հետ կանչելը կարող է պայմանավորված լինել բացառապես այդ հանգամանքով։
Սուրեն Սարգսյանը կարծում է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանը որևէ կերպ չի շեղվել Վաշինգտոնի գծած օրակարգից` հիշեցնելով, որ, ի տարբերություն Քվինի, նրա նախորդների պարագայում նման միջադեպեր եղել են։
«Հիշո՞ւմ եք, Հայաստանում հավատարմագրված դեսպաններից մեկը՝ Ջոն Էվանսը Ցեղասպանության հետ կապված հայտարարություն էր արել, որի պատճառով աշխատանքից ազատվեց, քանի որ, ըստ էության, նրա այդ տեսակետը, Վաշինգտոնում չէին կիսում»,– նշեց վերլուծաբանը։
Սուրեն Սարգսյանը նաև նկատում է, որ ներկա պահին ԱՄՆ–ն Հարավային Կովկասում միայն Հայաստանում նշանակված դեսպան ունի։ Ադրբեջանում և Վրաստանում դեսպաններ չկան։ Նրա խոսքով` խնդիրը միայն մեր տարածաշրջանում չէ։ ԱՄՆ դիվանագետների շուրջ 40 % թափուր տեղեր ունի աշխարհի տարբեր երկրներում։ Այլ կերպ ասած` Թրամփի վարչակազմն այս ոլորտում առաջիկայում լուրջ աշխատանքներ ունի անելու, այնպես որ հայտարարված 30 դեսպաններով գործը չի ավարտվելու։
Հիշեցնենք`դեկտեմբերի 22-ին Associated Press–ը գրել էր, որ Թրամփի վարչակազմը հետ է կանչում իր դիվանագետներին աշխարհի 30 երկրից, այդ թվում Հայաստանից։ Լրատվական գործակալությունը նշել էր, որ այդ դիվանագետներն իրենց պաշտոնները ստացել են նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք, իսկ Թրամփը ցանկանում է փոխել ԱՄՆ-ի դիվանագիտական դիրքորոշումը, և ամբողջությամբ առաջ մղել «Ամերիկան՝ առաջինը» կարգախոսը։
Արձագանքելով տրածված տեղեկատվությանը ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը հաստատեց, որ հունվարին ավարտվում է ԱՄՆ դեսպան Քիստինա Քվինի պաշտոնավարման 3-ամյա ժամկետը` միաժամանակ ընդգծելով, որ դեսպանի հեռանալուց հետո ԱՄՆ քաղաքականությունը Հայաստանում փոփոխության չի ենթարկվի։