ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի - Sputnik. Ձերբակալվել են Մորդովիայի 4 բնակիչներ, որոնք շուրջ 2 տարվա ընթացքում ավելի քան 5 միլիարդ ռուբլի են կանխիկացրել այլ անձանց բանկային քարտերի միջոցով: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն։
«Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության կողմից ձերբակալվել են Մորդովիայի Հանրապետության բնակիչներ, որոնք ներգրավված են վճարային միջոցների անօրինական շրջանառության մեջ (օգտագործման կամ վաճառքի նպատակով պատրաստում, ձեռքբերում, պահպանում, տեղափոխում, ինչպես նաև կեղծ վճարային քարտերի, դրամական միջոցների, փաստաթղթերի կամ վճարման միջոցների փոխանցման պատվերների վաճառք): Ապօրինի կանխիկացված դրամական միջոցների ընդհանուր գումարը գերազանցել է 5 միլիարդ ռուբլին», - ասված է հաղորդագրության մեջ:
Պարզվել է, որ 19-26 տարեկան 4 երիտասարդները վճարային միջոցների ապօրինի շրջանառության համար կազմակերպել են հանցավոր խումբ: 2023-2025թթ. ընթացքում նրանք տարածաշրջանի բնակիչներից ձեռք են բերել ավելի քան 100 բանկային քարտ, ինչպես նաև «Հաճախորդ-բանկ» հեռավար բանկային սպասարկման համակարգեր մուտք գործելու տվյալներ: Ձեռք բերված վճարային տվյալները նրանք այնուհետև փոխանցել են Մոսկվայում իրենց հետ գործակցողներին՝ հանցավոր նպատակներով օգտագործելու համար։
ԱԴԾ-ի տվյալներով՝ կասկածյալներից առգրավվել է ավելի քան 70 SIM-քարտ, 48 հեռախոս, բանկային քարտեր և մասնագիտացված հատուկ սարքավորումներ:
Ռուսաստանի ԱԴԾ Մորդովիայի վարչության քննչական ստորաբաժանումը քրեական գործ է հարուցել ՌԴ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով (վճարային միջոցների անօրինական շրջանառություն), երկու կասկածյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, մյուսները տվել են չհեռանալու մասին ստորագրություն: