ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի - Sputnik. Շախմատի համաշխարհային ֆեդերացիան (ՖԻԴԵ) միջազգային գրոսմայստերի տիտղոս է շնորհել միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Այս տարվա դեկտեմբերին Մկրտչյանը դարձել է Աստանայում կայացած Kazakhstan Chess Cup 2025 միջազգային մրցաշարի հաղթող: Հայ շախմատիստուհին 11 հնարավորից վաստակել է 7,5 միավոր և կիսել 1-3-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Մարիամը գրավելէ առաջին տեղը։
Նշենք, որ Մարիամ Մկրտչյանը 2014 թվականին դարձել է Եվրոպայի մինչև 10 տարեկանների փոխչեմպիոն: 2022 թվականին նա հաղթել է Հայաստանի կանանց առաջնությունում և ընդգրկվել երկրի կանանց հավաքականում։ Նույն թվականի սեպտեմբերին Մարիամ Մկրտչյանը դարձավ մինչև 18 տարեկանների աշխարհի չեմպիոն՝ ցուցադրելով բացարձակ արդյունք՝ 11 միավոր 11-ից: Նույն թվականին 9 հնարավորից 8,5 միավորով Մկրտչյանը հաղթեց Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում: