ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի - Sputnik. ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կողմից շքեղ առանձնատան գնման աղմկահարույց պատմությունը նոր զարգացում ունի: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նշենք, որ «Հետքը» տվյալներ էր հրապարակել, համաձայն որոնց Կոնջորյանը և կինը 2024 թվականի հուլիսին Առինջ գյուղում ձեռք են բերել առանձնատուն, որը հայտարարագրում ներկայացվել է 54 մլն դրամով՝ հիփոթեքային վարկով (նշվում է նաև՝ վարկը տրամադրել է «Հայէկոնոմբանկը»)։ Լրատվականը նաև հաշվարկ էր ներկայացրել, որ նույն կառուցապատողի հայտարարած գներով նման գույքի արժեքը պետք է ստացվեր շուրջ 75.6 մլն դրամ, այսինքն՝ տարբերությունը կազմել է մոտ 21.6 մլն դրամ։
Նույն հրապարակման մեջ նշվում է նաև, որ 54 մլն դրամը պատահական թիվ չէ, քանի որ եկամտահարկի վերադարձի գործող մեխանիզմով (հիփոթեքի մասով) գործարքի պայմանագրային արժեքի համար առկա է 55 մլն դրամ շեմ։ Ստացվում է, որ գինը հարմարեցրել են եկամտահարկի վերադարձի մեխանիզմին։
«Մեր տեղեկություններով՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում Կոնջորյանի գործարքը ստուգման է ենթարկվում։ Քննարկվում է՝ առկա են արդյոք կոռուպցիոն բնույթի գործողությունների հատկանիշներ, թե՞ ոչ»,- գրում է պարբերականը։
Կոնջորյանը «Հետքի» հրապարակումից հետո հերքել էր որևէ «զեղչ» ստանալու փաստը, բայց հակակոռուպցիոն մարմնում այժմ փորձում են հասկանալ՝ գործարքում եղե՞լ են գնի մանիպուլյացիայի ու հնարավոր արտոնությունից օգտվելու կասկածելի տարրեր, թե՞ խոսքը սովորական շուկայական գործարքի մասին է։