ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում խաղային գործունեության կարգավորման օպերատորի մրցույթի մասնակիցների հայտերը կգնահատվեն այսօր` դեկտեմբերի 24-ին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի խաղային գործունեության վերահսկողության վարչության պետ Գոհար Զաքարյանը` նշելով, որ մրցույթը մեկնարկել է հոկտեմբերի 16-ին։
Օպերատորն իրականացնելու է խաղացողների կողմից գնված խաղանիշերի (ֆիշկաների) և ստացած շահումների գրանցում, պահպանում և վերլուծություն` ռիսկերի գնահատման համար։ Դրա շնորհիվ պետությունը հնարավորություն կունենա ոլորտի նկատմամբ իրականացնել աննկատ վերահսկողություն, առանց միջամտելու բիզնես պրոցեսներին` միաժամանակ ստանալով ստույգ տվյալներ հարկվող օբյեկտների նկատմամբ:
Օրենքով սահմանվել են պատասխանատու խաղի (Responsible gambling) և արդար խաղի (Fair game) կանոնների հասկացությունները, որոնք պարտավոր կլինեն պահպանել թե՛ կազմակերպիչները, թե՛ խաղացողները։ Այդ կանոնները, ի թիվս այլնի, ուղղված են խաղամոլությամբ տարվելու վտանգների դեմ։ Օպերատորը տեղեկություն կտրամադրի ՊԵԿ–ին նաև այդ կանոնների պահպանման մասին։
Օրենքով նշված են նաև մի շարք նոր պահանջներ` խաղամոլությունը կանխելու նպատակով։ Բացի գործող տարիքային սահմանափակումներից, 21 տարին չլրացած անձանց (շահումով խաղեր, ինտերնետ շահումով խաղեր և բուքմեյքերական գործունեություն) և 18 տարին չլրացած անձանց (վիճակախաղ), արգելվել է այլ անձին պատկանող խաղային հաշվի օգտագործումը, ինչպես նաև սահմանափակվել է մոլախաղերի մասնակցությունը մի խումբ անձանց համար` պետական բյուջեից աջակցության որևէ ծրագրի շահառուներ, սոցիալապես անապահովներ (հաշվառված ընտանիքների սոցիալական գնահատման համակարգում), ինչպես նաև կախվածությունների բուժման ազգային կենտրոնում հաշվառված անձինք։
Մոլախաղերն արգելված են նաև քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց, դատախազներին, զինծառայողներին, ինչպես նաև հակակոռուպցիոն կոմիտեի, հարկային, մաքսային, փրկարար ծառայության, մաքսային, քրեակատարողական, պրոբացիայի, ազգային անվտանգության, ռազմական ոստիկանության և ոստիկանության ծառայողներին։
Օպերատորը նաև կստուգի խաղերի կազմակերպիչների սերտիֆիկատների առկայությունը` տրված միջազգային ստանդարտներով աշխատող լաբորատորիաների կողմից (օպերատորը ևս կկարողանա տրամադրել նման սերտիֆիկատներ)։
Նշենք` ըստ ՊԵԿ–ի տրամադրած տվյալների` 2025 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստանում գրանցված խաղատներում և ինտերնետ շահումով խաղերում կատարված խաղադրույքների ծավալը կազմել է 6 տրիլիոն 120 միլիարդ 16 միլիոն 988 հազար դրամ։ 2024 թվականի հունվար-հոկտեմբերին այդ գումարը կազմել է 6 տրլն 8 մլրդ 261 մլրդ 461 հազար, այսինքն` այս տարի աճը կազմել է շուրջ 2%։ Նշենք` խոսքը խաղադրույքների մասին է, ոչ թե իրական գումարների, քանի որ միևնույն գումարով կարելի է կատարել մեկից ավելի դրույք։