Դիտորդական առաքելությունն իրավունք չունի քարոզչությամբ զբաղվել. ԿԸՀ նախագահ

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը. Արխիվային լուսանկար
Վահագն Հովակիմյանի խոսքով` Վաղարշապատի ընտրություններում դիտորդական առաքելությունները պահել են Ընտրական օրենսգրքի պահանջները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Ընտրություններում դիտորդական առաքելություններն իրավունք չունեն քաղաքական դիրքորոշում հայտնել։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով «Անկախ դիտորդ» դաշինքի լիազոր ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի ներկայացրած դիմումներին։
Նշենք, որ Դանիել Իոաննիսյանն իր ներկայացրած դիմումներով պահանջել էր Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ընտրություններում որպես տեղական դիտորդներ գրանցված «Պառլամենտարիզմի միջազգային կենտրոն», «ՀայաՔվե» և «Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» դիտորդական առաքելությունների գրանցումներն ուժը կորցրած ճանաչել։
Հովակիմյանի խոսքով՝ նոյեմբերի 15-ին ԿԸՀ-ում 10-ժամյա նիստ է տեղի ունեցել։
«Կարևոր էր բաց զրույց ունենալը, որ դիտորդական առաքելությունները քաղաքական գործունեությամբ չզբաղվեն։ Եթե որևէ հասարակական կազմակերպություն մտադիր է քաղաքական գործունեությամբ զբաղվել, ինչն իր իրավունքն է, ապա չպետք է գրանցվի որպես դիտորդական առաքելություն։ Նիստին մենք ձեռք բերեցինք այդ պայմանավորվածությունը. ավելին՝ խնդրի հասցեատեր դիտորդական առաքելությունն ընդունեց, որ այդ մտահոգություններն անհիմն չեն»,– ասաց Հովակիմյանը։
ԿԸՀ նախագահը հիշեցրեց, որ Ընտրական օրենսգրքի 30-րդ հոդվածը սահմանում է, որ դիտորդական կազմակերպություններն իրավունք չունեն քաղաքական դիրքորոշում հայտնել, իսկ 23-րդ հոդվածն ընդհանրապես արգելում է դիտորդական կազմակերպություններին զբաղվել նախընտրական քարոզչությամբ։
Հովակիմյանի խոսքով՝ արդեն քվեարկության օրը՝ ընտրատեղամասերում, ձեռք բերված պայմանավորվածությունը պահպանվել է. դիտորդական կազմակերպությունները զերծ են մնացել քաղաքական քարոզչություն իրականացնելուց։
Հիշեցնենք` Վաղարշապատում ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին նոյեմբերի 16–ին։ Ընտրություններին մասնակցած 8 քաղաքական ուժերից անցողիկ շեմն ապահովեցին 3–ը միայն։ Ըստ այդմ` ավագանու 33 տեղերը բաշխվում են հետևյալ կերպ` «Քաղաքացիական պայմանագիրը» կստանա 19 մանդատ, «Հաղթանակ» դաշինքը` 12 մանդատ, «Մայր Հայաստանը»` 2 մանդատ։
Քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 69 866 քաղաքացիներից 31 547-ը կամ 45.12 %-ը: