ԱՄՆ զինված ուժերը Սիրիայում հակաահաբեկչական գործողություն են սկսել. Պենտագոնի ղեկավար

ՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը. Արխիվային լուսանկար
Գործողության ընթացքում ամերիկացի զինվորականները ոչնչացրել են զգալի թվով զինյալների։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,24 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ զինված ուժերը դեկտեմբերի 19-ին նոր գործողություն են սկսել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման (ԻՊ, արգելված է ՌԴ-ում–խմբ) զինյալների դեմ: Այս մասին հայտնել է ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը։
Սիրիայի կենտրոնական հատվածում գտնվող Հոմս նահանգի Պալմիրա քաղաքի շրջանում դեկտեմբերի 13-ին սպանվել էին ամերիկյան երկու զինվորական և մեկ ամերիկացի թարգմանիչ:
Հեգսեթի խոսքով՝ Սիրիայի տարածքում իրականացվող «Hawkeye Strike» կոչվող գործողությունն ուղղված է ԻՊ զինյալների, նրանց ենթակառուցվածքների և սպառազինության պահեստների ոչնչացմանը: Նախարարն ընդգծել է, որ խոսքը ոչ թե նոր պատերազմ սկսելու, այլ պատասխան գործողությունների մասին է:
«Այսօր Սիրիայում ամերիկյան զորքերը սկսել են «Hawkeye Strike» գործողությունը՝ ի պատասխան Պալմիրայի շրջանում ամերիկյան զորախմբի վրա իրականացված հարձակման: Սա ոչ թե պատերազմի սկիզբ է, այլ վրեժի ակտ», - գրել է նա «X» սոցիալական ցանցում։
Պենտագոնի ղեկավարը նաև հայտարարել է, որ գործողության ընթացքում ամերիկացի զինվորականները ոչնչացրել են զգալի թվով զինյալների և մտադիր են շարունակել գործողությունները ահաբեկչական խմբավորման դեմ:
ՀԻշեցնենք, որ Սիրիայի կենտրոնական հատվածում գտնվող Հոմս նահանգի Պալմիրա քաղաքի շրջանում դեկտեմբերի 13-ին սպանվել էին ամերիկյան երկու զինվորական և մեկ ամերիկացի թարգմանիչ: