ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի - Sputnik. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Սպիտակ տանը հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Տեղեկությունը հայտնում է դեսպանության մամուլի ծառայությունը։
Հանդիպումը կայացել է նորանշանակ դեսպանների համար կազմակերպված միջոցառման շրջանակներում։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է նախագահ Դոնալդ Թրամփին
«Հանդիպմանը Նարեկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ ցուցաբերած հետևողական ջանքերի համար։ Դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ձեռք բերված պատմական համաձայնության և ստորագրված փաստաթղթերի համար»,- ասված է հաղորդագրությունում։
Դոնալդ Թրամփն էլ շնորհավորել է հայ ժողովրդին՝ ընդգծելով, որ վերջինս արժանի է կայուն խաղաղության։ Նա նաև վերահաստատել է իր անվերապահ աջակցությունը խաղաղությանն ուղղված գործընթացներին։
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է նախագահ Դոնալդ Թրամփին
Նախագահ Թրամփն ընդգծել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությունն ու նրա նշանակալի դերակատարությունը հաստատված խաղաղության գործընթացում։
Թրամփը Փաշինյանին է փոխանցել նաև անձնական մակագրությամբ նվեր՝ ի նշան բարձր գնահատանքի։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։