ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Արդեն 2026 թվականի առաջին օրերին երկրի բնակիչներին մի շարք վառ աստղագիտական իրադարձություններ են սպասվում` Քվադրանտիդի հզոր ասուպային հոսքի գագաթնակետը, տարվա ամենամեծ Արեգակը և Յուպիտերը դիտարկելու համար լավագույն պայմանները։ Այս մասին հայտնում է Մոսկվայի պլանետարիումը։
Նշվում է, որ հունվարի 3-ին Երկիրը կգտնվի պերիհելիումում, այսինքն՝ Արեգակի նկատմամբ իր ուղեծրի ամենամոտ կետում (նրանց միջև հեռավորությունը կկազմի մոտ 147 մլն կմ): Դրա պատճառով Երկրի վրա գտնվող դիտորդներին կթվա, որ Արեգակի սկավառակն ընդարձակվել է` հասնելով տարվա իր ամենամեծ չափսերին: Ընդ որում` մոլորակը աստղից իր ամենամեծ հեռավորությանը կհասնի հուլիսի 6-ին. այդ օրը երկու երկնային մարմինները կգտնվեն ավելի քան 152 մլն կմ հեռավորության վրա։
Քվադրանտիդի ասուպային հոսքը գագաթնակետին կհասնի հունվարի 4-ի գիշերը: Մինչև լուսաբաց արևելյան հորիզոնի վրայով ժամում մինչև 120 ասուպ կանցնի: Սակայն լիալուսնին մոտ լուսինը թույլ կտա տեսնել դրանցից միայն ամենապայծառները: Հունվարի 10-ին կլինի նաև Յուպիտերի այսպես կոչված դիմակայությունը, երբ մոլորակը տարվա ընթացքում լավագույնս տեսանելի կլինի։
Աստղագետները նաև պատմել են, որ 2026 թվականին տեղի կունենան երկու արեգակնային և երկու լուսնային խավարումներ: Առաջինը կլինի օղակաձև արեգակնային խավարում փետրվարի 17-ին, ինչին կհաջորդի Լուսնի ամբողջական խավարումը մարտի 3-ին: Ամբողջական արեգակնային խավարում տեղի կունենա օգոստոսի 12-ին, մասնակի լուսնային խավարում էլ՝ օգոստոսի 28-ին։
Գերլուսին կդիտվի 2026 թվականի նոյեմբերի 25-ին և դեկտեմբերի 24-ին: