«Շատ եք լոճվում, հարգելի գործընկերներ»․ Ավինյանի և ընդդիմադիրների միջև լեզվակռիվ եղավ

Տիգրան Ավինյանը, որը մի քանի անգամ հայտարարել է, որ բետոնե նյարդեր ունի, հունից դուրս եկավ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Երևանի ավագանու այսօր նիստի ժամանակ չզեկուցվող հարցերի փաթեթն ընդունելուց հետո լեզվակռիվ սկսվեց ընդդիմադիր անդամների և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի միջև։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ չզեկուցվող հարցերի փաթեթում ներառված էր նաև Երևանում «կարմիր գծերի» ու տրանսպորտի վճարների` 2026թ. դրույքաչափերը սահմանելու մասին նախագծերը։
«Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը «Հանրապետություն» և «Հանրային ձայն» խմբակցությունների անդամներին անվանեց ՔՊ-ին ծառայողներ` ընդգծելով, որ «Քաղաքացիական պայմանագիրը» տուգանքի «մատերիալ» է դարձրել ։
«Հանրային ձայն» խմբակցության Վահան Ավագյանն էլ նշեց, որ չի ցանկանում քաղաքական խոտանների խոսքերին անդրադառնալ, որոնք օդում կախված են ինչպես ոջիլներ։
Իրավիճակն ավելի լարվեց «Հանրային ձայն» խմբակցության ավագանու անդամ Արտակ Գալստյանի խոսքի ժամանակ։ Նա նշեց, որ ընդդիմության ձայները 33-ն են, իսկ իշխանությանը՝ 32-ը։ Գալստյանը հռետորական հարց հնչեցրեց՝ ընդհանուր չզեկուցվող հարցերի փաթեթը բաղկացած էր 21 հարցից, ու բոյկոտելու դեպքում ինչու են մյուս ընդդիմադիրները միայն «կարմիր գծերի» և հանրային տրանսպորտի մասին հարցերը նշում։
Տիգրան Ավինյանը, որը մի քանի անգամ հայտարարել է, որ բետոնե նյարդեր ունի, հունից դուրս եկավ։
«Շատ եք լոճվում, հարգելի գործընկերներ, ու էդ ձեր լայնքը հեսա կնեղացնենք։ Լավ եմ անում, որ ասում եմ` շատ եք լոճվում։ Ձեր լեզվի ելևէջները մեկ-մեկ խառնում եք։ Մեր համեստությունը, զսպվածությունը, հանգստությունը խառնում եք շատ այլ բաների հետ։ Ինչքան չենք խոսացել, այնքան ավելի եք ոգևորվել։ Նախազգուշացումներ եմ տալիս, բայց դրանք այլ մակարդակների կանցնեն։ Կրկին զգուշացնում եմ ռեպլիկներ թողնողներին, «ապերավատ» լինողներին, ովքեր մտածում են, թե իրենց քուչում են»,- ասաց Երևանի քաղաքապետը։
Նա ընդդիմադիրներին հորդորեց ավելի զուսպ լինել, վստահեցրեց՝ վերջին նախազգուշացումն է տալիս նրանց։
ՔՊ-ականներն էլ սկսեցին տեղից խոսել, բայց Ավինյանը կոչ արեց չարձագանքել։