Քննարկում եղել է. Շիրակի մարզպետը` իր պաշտոնանկության մասին

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը
Դավիթ Առուշանյանի խոսքով` ինքը պաշտոնից կառչած չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը չհերքեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում քննարկվել է իր պաշտոնանկության հարցը։ Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ քննարկում թեև եղել է, սակայն որոշում չկա։
Նշենք, որ դեկտեմբերի 17–ին լուրեր տարածվեցին, որ Դավիթ Առուշանյանին ազատել են Շիրակի մարզպետի պաշտոնից։ Այդ օրը կայանալու էր Շիրակի մարզպետի պաշտոնավարման մեկ տարվա հաշվետու ասուլիսը, որը հետաձգվել էր։
«Գիտեք, որ պատգամավորների թեկնածուների հետ վարչության անդամները հանդիպել են։ Որևէ որոշում այս պահին կայացված չէ, ես շարունակում եմ պաշտոնավարել։ Գուցե կային մարդիկ, որոնք ցանկություն ունեին, որ պաշտոնանկ արվեմ, դրա համար շատ արագ լուրեր տարածեցին, թե արդեն պաշտոնանկ եմ արվել»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է հարցին, թե պաշտոնանկ արվելու հիմքում այն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 7-ին Գյումրիի Սուրբ Յոթ Վերք եկեղեցում մասնակցած պատարագին հավաքված մարդկանց քանակից գոհ չէր, Առուշանյանը շեշտեց, որ ղեկավարությունն իրեն պատարագի մասին տեղյակ չի պահել։
«Պատարագի կազմակերպման հետ մարզպետարանը որևէ առնչություն չունի. պատարագը կազմակերպվում է քահանաների կողմից։ Ամբողջ պատասխանատվությամբ ասում եմ՝ որևիցե մեկը ղեկավարությունից չի զանգել ինձ, ասել, թե պատարագ պիտի լինի, ու «խնդրում եմ՝ աջակցես» կամ «հանձնարարական կա, որ աջակցես այդ պատարագին»»,– ասաց նա։
Հարցին՝ ճի՞շտ են այն լուրերը, թե դուք ՔՊ վարչության նիստում հարգալից եք արտահայտվել Գյումրու ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասին, ինչն էլ դարձել է բարկության պատճառ, բացի այդ՝ Նազելի Բաղդասարյանի միջոցով վարչապետը ձեզ հանձնարարական է տվել ազատվել պարեկ ծեծող խորհրդականից, որը չեք կատարել, Դավիթ Առուշանյանը պատասխանեց, թե իրեն նման հանձնարարական չի եղել։
«Չի եղել որևէ հանձնարարական, և ոչ միայն հանձնարարական, այլ իմ նախաձեռնությամբ գործողություն, որ ես չեմ կատարել։ Իսկ ասեկոսեները քաղաքում շատ տարբեր են, բոլորն էլ լսել են, բայց ամենացավոտը ինձ համար Յոթ Վերքն էր, այդ օրը սգո օր էր, ու դա ընդհանրապես իրականությանը չէր համապատասխանում։ Մնացած քննարկումները գուցե և մասամբ կապ ունեն իրականության հետ, ինչ-որ նշույլ ունեն, բայց որպես այդպիսին՝ դետալները շատ են ուռճացված»,– շարունակեց նա։
Շիրակի մարզպետը վստահեցրեց, որ քաղաքական առումով թիմի հետ որևէ տարաձայնություն չունի։ Միևնույն ժամանակ շեշտեց, որ ինքը երբեք պաշտոնից կառչած չէ։
Հիշեցնենք, որ Դավիթ Առուշանյանը Շիրակի մարզպետ է նշանակվել 2025 թվականի փետրվարի 19–ին։ Մինչ այդ նա ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր էր։