ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին չի բացառել, որ առաջիկայում կայցելի Իրանի «Բուշեր» ատոմակայան: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Հնարավոր է։ Իրանի հետ բարդ հարաբերություններ են, բայց ես մշտական կապի մեջ եմ նրանց հետ», - ասել է Գրոսին լրագրողներին ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք մտադիր է անձամբ առաջիկա ամիսներին այցելել ատոմակայան ։
Ավելի վաղ Գրոսին հայտարարել էր, որ ՄԱԳԱՏԷ-ն ուզում է մուտք գործել Իրանի միջուկային օբյեկտներ՝ ստուգելու Թեհրանի այն հայտարարությունները, որ այնտեղ անվտանգ չէ, այդ օբյեկտներ հասնել չի կարելի:
Հիշեցնենք` ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը նոյեմբերի 20-ին բանաձև ընդունեց, որով Իրանից պահանջվում է առանց հապաղելու գործակալությանը հայտնել հարստացված ուրանի պաշարների և ռմբակոծված միջուկային օբյեկտների վիճակի մասին: Վիեննայում միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Ռեզա Նաջաֆին հայտարարեց, որ Թեհրանը ՄԱԳԱՏԷ-ի նոր բանաձևը համարում է ոչ կառուցողական և քաղաքականացված:
Նույն օրը Իրանը պաշտոնապես տեղեկացրեց ՄԱԳԱՏԷ-ին, որ դադարեցնում է Կահիրեի համաձայնագիրը, որը որոշում էր միջազգային կազմակերպության հետ Իրանի փոխգործակցությունը՝ հաշվի առնելով իրանական միջուկային օբյեկտներին հասցված հարվածները: Միաժամանակ Թեհրանում նշել են, որ պատրաստ են քննարկել ՄԱԳԱՏԷ-ի հետ նոր պայմանավորվածության վերաբերյալ առաջարկները։ Գործակալության հետ փոխգործակցության ձևաչափը պետք է որոշի Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը:
Ինչպես հայտնի է, Թեհրանը հուլիսին ԱՄՆ-ի հարվածներից հետո դադարեցրել էր ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը՝ գործակալությունը անվանելով քաղաքականացված կառույց, որը տեղեկություններ է փոխանցել ԱՄՆ-ին և Իսրայելին: