ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի կողմից գերեվարված և 15 տարվա ազատազրկման դատապարտված հայազգի Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ 70-ամյա Խաչատրյանի մոտ ինքնազգացողության վատթարացում է նկատվել դեկտեմբերի 22-ին։ Առաջացել է շնչառական խնդիր, և սրտի հատվածում ցավ է զգացել։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ նրան սկզբում առաջին օգնություն են ցուցաբերել, ինչից հետո նա անհապաղ տեղափոխվել է արդարադատության նախարարության հիվանդանոց։ Այնտեղ ինտենսիվ թերապիա և վերակենդանացման միջոցառումներ են իրականացվել։
Այս գործողություններից հետո միայն Վագիֆ Խաչատրյանին տեղափոխել են համապատասխան պետական բուժհաստատություն։ Այս պահին նրա վիճակը գնահատվում է ծանր։ Ինտենսիվ թերապիան շարունակվում է։
Հիշեցնենք` անհետաձգելի բուժօգնություն ստանալու համար Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները առևանգեցին հուլիսի 29–ին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է ներկայացվել, ըստ որի` Վագիֆ Խաչատրյանն իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործությունների։
Խաչատրյանը դատական նիստերի ընթացքում բազմիցս հայտարարել է, որ որևէ հանցագործություն չի կատարել։