Այստեղ մեծ ստվեր կա. Մանուկյանը` միասնական տոմսային համակարգի ու Երևանի բյուջեի մասին

Մեսրոպ Մանուկյանի խոսքով` քաղաքային իշխանությունը չի կարողանում վերահսկել տրանսպորտից ստացվող եկամուտները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Մայրաքաղաք Երևանում չի իրականացվել ոչ մի լուրջ ենթակառուցվածքային նորոգում, դպրոցների կամ մանկապարտեզների շինարարություն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։ Ըստ Մանուկյանի՝ Երևանում մասշտաբային միջոցառումներից եղել են միայն համերգները։
«2025 թվականին բյուջեն համերգների ու իրենց վոյաժների վրա է ծախսվել։ Իրենց (քաղաքապետ Տիգրան Ավինյանին և թիմին – խմբ.) որ լսում ես` ինչ-որ հեկտարներով անտառներ են տնկել քաղաքում, որը մենք ոչ մի ձևով չենք տեսնում։ Լսում ես՝ ինչ-որ դարակազմիկ ծրագրեր են իրականացնում, օրինակ՝ ճոպանուղի։ Խոսեցին, որ 1.1 միլիարդ դրամ են հատկացնում այդ ուղղությամբ։ Ասում եմ՝ ժողովո՛ւրդ, այդ փողը որ բերեցիք, եկող տարի ճոպանուղի նստելու ու Նորք Մարաշ բարձրանալո՞ւ եմ, ասում է՝ չէ։ Ասում եմ՝ բա ի՞նչ հեքիաթներ եք բերել, ցույց տալիս»,– ասաց նա։
Դիտարկմանը, որ ավարտվող տարվա ընթացքում Երևանի բյուջեն համալրվել է լրացուցիչ միջոցներով, այդ թվում՝ «կարմիր գծերից» ստացված գումարներով, բայց զուգահեռ կառավարությունը երկու անգամ դոտացիա է հատկացնել քաղաքապետարանին, Մանուկյանն արձագանքեց՝ ասելով, թե կառավարությունը գումարը տվել է միայն տրանսպորտային ցանցի համար։
«Փաստենք, որ մետրոյի համար նախատեսված գումարները փաստացի չեն տրամադրվել, ինչի հետևանքով որևէ աշխատանք չի իրականացվել։ Կառավարության կողմից տրամադրված միակ գումարը վերաբերում էր միասնական տրանսպորտային համակարգին, որպեսզի ավտոբուսները կարողանան երթևեկել։ Ավտոբուսների հավաքագրումները շուրջ 6 միլիարդ դրամ են եղել, բայց դրանից բացի որևէ դարակազմիկ նախագիծ չի իրականացվել։ Նշված է 13 մանկապարտեզի կառուցում՝ 7 միլիարդ դրամով, բայց այդ նույն մանկապարտեզները կրկնվում են դեռ 2023 թվականից։ Ամեն տարի նույն 10 մանկապարտեզն են գրում, ամեն տարի ասում են՝ կկառուցենք։ Սա արդեն խայտառակություն է»,– ընդգծեց Մեսրոպ Մանուկյանը։
Մանուկյանը լուրջ կասկածներ հայտնեց նաև միասնական տոմսային համակարգից սպասվող եկամուտների վերաբերյալ։ Նրա հաշվարկներով՝ եթե նույնիսկ օրական 500 հազար ուղևոր վճարի նվազագույն սակագինը, տարեկան հասույթը պետք է գերազանցի քաղաքապետարանի նշած 18 միլիարդ դրամը։
«Իմ գնահատմամբ՝ այստեղ մեծ ստվեր կա։ Իրենք պլանավորել են, որ միասնական տոմսային համակարգից` մետրո, էլեկտրատրանսպորտ և ավտոբուս, պետք է հավաքագրվի 18 միլիարդ դրամ։ Բայց նախկինում իրենք ասում էին, որ օրական 600,000 երթևեկություն կա միայն վերգետնյա տրանսպորտով։ 500 հազարը բազմապատկեք սիմվոլիկ 100 դրամով և 365 օրով՝ այդ թիվն արդեն 18 միլիարդից ավելի է լինում։ Հարց եմ տալիս, որ, տղե՛րք, ձեզ մոտ գինը դարձել է 150 դրամ, ուղևորների քանակը 600,000 է, մետրոն էլ` ձեզ բոնուս, ինչպե՞ս է ստացվում, որ պլանավորվում է հենց այդքան»,– նշեց ավագանու անդամը։
Ավագանու ընդդիմադիր անդամի կարծիքով՝ պատասխանատու կառույցները չեն կարողանում արդյունավետ վերահսկել գործընթացը։ Ըստ Մանուկյանի՝ իշխանությունները չեն վերացրել ստվերը, այլ բեռը դրել են քաղաքացիների վրա՝ բարձրացնելով սակագներն ու պահպանելով «կարմիր գծերը», ինչի վերաբերյալ դատարաններում պարբերաբար պարտություններ են կրում։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանին 34 կողմ, 17 դեմ և 2 ձեռնպահ ձայներով այսօր հաստատեց մայրաքաղաքի հաջորդ տարվա բյուջեն, որով պատրաստվում են մի շարք ծրագրեր իրականացնել։
Եկամուտների գծով բյուջեն կլինի ավելի քան 151,4 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 156,8 մլրդ դրամ։ Դեֆիցիտը 5,3 մլրդ դրամ է։ Երևանի սեփական եկամուտների բյուջեն էլ լինելու է 94,9 մլրդ դրամ, ինչը 2024 թվականի համեմատ ավել է 33,3 տոկոսով։